Գեղարքունիքի մարզի երեք համայնքներում կբացվեն նախակրթարաններ

Գեղարքունիքի մարզի Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքներում Save the Children կազմակերպության «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության եւ կրթության» ծրագրով կբացվեն նախակրթարաններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Save the Children կազմակերպության ծրագրերի իրականացման գծով ղեկավար Իռեն Սարգսյանը:

Անդրանիկ Հակոբյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, նշեց, որ մարզպետարանը կաջակցի այս ծրագրի կյանքի կոչմանը: «Նախորդ տարի կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն եւ Վարդենիկ համայնքների դպրոցներում նախակրթարաններ հիմնեց, վերապատրաստվեցին ուսուցիչներ, վերանորոգվեցին դպրոցների սանհանգույցները»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը եւ հավելեց, որ այս տարի արդեն նախատեսվում է վերանորոգել ու համապատասխան մարզագույքով վերազինել նույն համայնքների դպրոցների մարզադահլիճները:

«Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզի ամենակարիքավոր համայնքներում եւ ընդգրկելու է երկու ծրագրային ուղղություններ` վաղ մանկության զարգացում եւ դպրոցական առողջություն եւ սնունդ: Այգուտ, Դրախտիկ, Դպրաբակ համայնքների յուրաքանչյուր դպրոցում կվերանորոգվի մեկ դասասենյակ, որը կգործի նախադպրոցական կրթության կազմակերպման համար եւ կծառայի որպես «Ծնողական ռեսուրս կենտրոն»: Յուրաքանչյուր դասասենյակին կտրամադրվի կահույք եւ համապատասխան գրենական պիտույք: Դպրոցներում կվերանորոգվեն սանհանգույցները, մշտական ջուր ապահովելու նպատակով կտեղադրվեն ջրի կաթսաներ:

Նախադպրոցական կրթությունը կկազմակերպվի տարվա 10 ամիսների ընթացքում` մեկ ուսուցչի կողմից, որին կաջակցի մեկ օգնական: Նախադպրոցական կրթությունը նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար: Դասերն անցկացվելու են 24-25 հոգուց բաղկացած խմբերի համար, շաբաթական 5 օր եւ օրական 4 ժամ տեւողությամբ: Երեխաների մեծ թվի դեպքում խմբերը կգործեն երկու հերթափոխով: Ծրագրի շրջանակներում կվճարվի ուսուցիչներին եւ օգնականների աշխատավարձը առաջին 2 ամիսների համար, իսկ 3-րդ ամսվանից նրանց վճարումները կիրականացվեն տեղական մարմինների բյուջեից, մինչեւ որ ֆինա նսական ծախսերը կներառվեն կրթության ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրում: Դասընթացներ կկազմակերխվեն նաեւ ծնողների հետ»,- ասաց Իռեն Սարգսյանը: Իսկ ծրագրի պատասխանատու Մարիա Պողոսյանը հավաստեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների հետ կկնքվեն փոխըմբռնման համապատասխան հուշագրեր:

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում