«Հարցեր կան, որոնք ոչնչի չբերող են: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում լյուստրացիային, կառաջարկեի, որ լյուստրացիայի ենթարկեին իշխանություններին՝ պարզելու, թե ով որ երկրի վրա է աշխատում կամ որի շահերից գործում, այ այս դեպքում իմաստ կունենար: Թե չէ այսօր այնքան խնդիրներ կան՝ ԵՏՄ-ին անդամակցում, տնտեսական վատ կացություն, տրանսֆերտները նվազել են…այս առումով տպավորություն կա, թե գլխավոր հարցից շեղելու բան կա: Եվ հետո ըստ Ձեզ՝ ոչ իշխանական կամ ընդդիմադիր դաշտում լյուստրացիայի կարիք կա՞, ոչ, ամեն ինչ պարզից էլ պարզ է և շատ բաց»,-Times.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախագահին իմպիչմենտ հայտնելու օրենսդրական նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը Հայաստանում գաղտնազերծում (լյուստրացիա) անցկացնելու մասին օրենսդրական առաջարկով էր հանդես եկել: Նպատակը` գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն, նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացրած մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց և վարել նրանց ռեեստր: