Ժամանակավորապես կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ քննչական կոմիտեի  Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որոնք սահմանում են պատժամիջոցներ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցման համար, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին այն մասին, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված  սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։ Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ սննդամթերք մատակարարող ընկերությունների մոտ իրականացվում է սննդամթերքի մնացորդային քանակների հաշվառում և կասեցում, մինչև կպարզվի, թե արդյոք թունավորման բնույթը եղել է սննդային, թե՝ ոչ: Ծառայության աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները մանկապարտեզում կատարել են անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում՝ աշխատող անձնակազմի առողջական վիճակի, սննդային մատակարարների ցանկի, երեխաներին տրվող ճաշացանկի և տվյալ պահին սննդամթերքի մնացորդի քանակի մասին: Առկա սննդատեսակներից անմիջապես կատարվել է  նմուշառում: Գործի են անցել նաև ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿԻ աշխատակիցները: Լաբորատորիայի կողմից կատարվել են նմուշների ընդունման անհրաժեշտ  միջոցառումներ:

Ներկայում նմուշները գտնվում են խիստ հսկողության տակ: Կիրականացվի  անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ փորձաքննություն, որի արդյունքների մասին կտեղեկացնենք փորձաքննության ավարտից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում