Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում քիչ առաջ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ավարտվեց «Ռոմա»-«Ինտեր» հանդիպումը:
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց Ժերվինյոն: Նախքան ընդմիջման գնալը հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 36-րդ րոպեին Անդրեա Ռանոկիոն անկյունային հարվածի իրացումից հետո հարվածեց դարպասի հեռավոր անկյունը, իսկ դե Սանկտիսը չկարողացավ փրկել իր թիմին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 47-րդ րոպեին Խոսե Հոլեբասն անհատական անցումից հետո մտավ մրցակցի տուգանային հրապարակ և առաջ մղեց «գայլերին»: 10 րոպե անց հաշիվը կրկին հավասար էր. «Ինտերի» կազմում աչքի ընկավ Պաբլո Օսվալդոն: Այդուհանդերձ, դաշտի տերերին հաջողվեց հաղթանակ տոնել այս խաղում. 60-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը հաշիվը դարձրեց 3:2, իսկ 92-րդ րոպեին նույն Պյանիչը ձևակերպեց դուբլ և խաղի վերջնական հաշիվը` 4:2:
Այժմ «Ռոման» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը` առաջատար «Յուվենտուսին» զիջելով 3 միավոր, իսկ «Ինտերը» մնաց 17 միավորով` 11-րդ տեղում:
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ռոմա»-«Ինտեր»` 4:2
Գոլերը` Ժերվինյո 21՛, Հոլեբաս 47՛, Պյանիչ 60՛, 92՛ – Ռանոկիո 36՛, Օսվալդո 57՛