«Նոր գիրք». ի՞նչ են լույս ընծայում հայաստանյան հրատարակչությունները

«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթ անալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո: Եւ այսպես.

Հայ դասական գրականություն

Ֆրիկ, «Տաղեր»

Միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ Ֆրիկի «Տաղերը» լույս են տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ֆրիկից պահպանվել են մոտ 5 տասնյակ բանաստեղծություններ, որոնցից լավագույններն ընդգրկված են համաշխարհային պոեզիայի գանձարանում: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։ Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին. «Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ»: ​Ֆրիկի «Տաղերը» ընդգրկված են ՀՀ հանրակրթական դպրոցի և բուհական ընդունելության քննությունների ծրագրերում: Գիրքը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի դպրոցականներին, այլև աշխարհասփյուռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպես նաև մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրությունը հայ բազմադարյան գրականության նկատմամբ: Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակից գրականություն

Անահիտ Հայրապետյան, «Սիրուն»

Անահիտ Հայրապետյանի նոր ժողովածուն ներառում է նրա՝ վերջին տասը տարիներին գրած բանաստեղծությունները, որոնք հատկանշվում են արտաքին թեթևության ու անհոգության խորքում թաքնված դրամատիզմով ու հուզականությամբ: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Գարրի Կունցև, «Կար-չկար մի Փարաջանով»

«Կար-չկար` մի Փարաջանով»-ը Սերգեյ Փարաջանովի երեք` «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի բացառիկ հուշապատումն է հայազգի մեծ ռեժիսորի կյանքի մասին: Գրքում զետեղված են նաև Փարաջանովի երբևէ չհրապարակված լուսանկարները, որոնց մեծ մասի հեղինակն է ուկրաինացի հայտնի կինոօպերատոր Յուրի Հարմաշը: Գրքում հրատարակված է նաև Յուրի Հարմաշի `«Կինոօպերատորի ոչ գրական հիշողությունները» նովելը: Գրքի թարգմանիչը Հովհաննես Այվազյանն է, խմբագիրը՝ Հովի կ Չարխչյանը: Գիրքը հրատարակել է «Փրինտինֆո»-ն:

Մանկապատանեկան գրականություն

Չարլզ Դիքենս, «Օլիվեր Թվիստի արկածները»

Տարիներ առաջ հրատարակված այս վեպն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, որոնք ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի: Օլիվեր Թվիսթը մեկն է այդ երեխաներից, որը, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով, հասնում է երջանիկ հանգրվանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում