ՀՀ ԱԺ մեծամասնությունը կողմ է այլ ազգերի նկատմամբ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը դատապարտելուն

Հայաստանի քաղաքական մեծամասնությունը գտնում է, որ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունները պետք է դատապարտվեն: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենքի նախագծին, որով վերջինս առաջարկում է դատապարտել Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: «Ես խորհրդակցել եմ թե ասորական, թե հունական համայնքների հետ: Գաղափարը ողջունելի է, սակայն այն ձևաչափը, որ դուք ընտրել եք, այնտեղ կան փաստագրական ոչ ճիշտ մեկնաբանություններ, և ես պետք է նշեմ, որ քաղաքական մեծամասնությունը, ես` իմ գործընկերների հետ, մոտ ապագայում նախաձեռնելու ենք հայտարարության ընդունում Ազգային ժողովում, որը կդատապարտի Օսմանյան կայսրությունում ոչ միայն «Պոնտոսի հույների», դա սխալ ձևակերպում է, այլ Օսմանյան կայսրությունում ապրող հույների, ասորիների և եզդիների նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը Թուրքիայի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ դրա մասին կխոսեն արդեն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի հայտարարության տեքստը: «Ես բոլոր խմբակցություններից մեր գործընկերներին կոչ եմ անում ապագայում միանալ այդ նախագծին»,- նշեց Շարմազանովը:

Այնուհետև ԱԺ նախագահ Գալուսատ Սահակյանը քվեարկության դրեց «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու մասին հարցը, որը ներկայացրել է Զարուհի Փոստանջյանը: Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց առաջիկայում նոր նախաձեռնությամբ հանդես գալու մասին, ՀՀԿ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը՝ հավելելով, որ իրենք ողջունում են գաղափարը: Նախագծի հեղինակ Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ բոլոր պատգամավորներն իրենց ելույթներում ողջունում են գաղափարը, սակայն չեն պատրաստվում մասնակցել քվեարկությանը: «Ես առաջարկում եմ կողմ քվեարկել, այս նախագիծն ընդգրկել օրակարգում, իսկ եթե այնտեղ կան սխալներ, ապա ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել և ուղղել այդ սխալները»,- նշեց նա:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ընդգծեց, որ իրենք հանձնաժողովում ևս քննարկել են այս նախագիծը և քննարկումների ժամանակ նախագծի հեղինակին մի քանի անգամ առաջարկել են հետ վերցնել նախագիծը, փոփոխել այն և կրկին ներկայացնել: «Այդ ժամանակ նախագծի հեղինակը չհամաձայնեց մեր առաջարկների հետ, հիմա էլ ասում է պատրաստ ենք քննարկել»,- նշեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Զարուհի Փոստանջյանին առաջարկեց հետ վերցնել նախագիծը, կրկին քննարկել այն, լրամշակել, ենթարկել փոփոխությունների և կրկին ներկայացնել այն խորհրդարանի քննարկմանը: Նույն առաջարկությունն արեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ իր ելույթում ընդգծեց, որ հետ է վերցնում նախագիծը, սակայն սպասում է առաջարկների՝ այն պատշաճ տեսքի բերելու և կրկին ներկայացնելու համար: «Ես բոլորից սպասում եմ առաջարկների, որպեսզի մենք կարողանանք պատշաճ տեսքի բերել այս նախագիծը՝ որքան հնարավոր է շուտ այն Ազգային ժողովում ընդունելու համար»,- նշեց Փոստանջյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունեց Փոստանջյանի կառուցողական դիրքորոշումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի նախագիծ, որը կարժանանա բոլոր պատգամավորների հավանությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում