Հայաստանն ու Իսրայելը կակտիվացնեն կապերը մաքսային ոլորտում

Մաքսային ոլորտում Հայաստանի ու Իսրայելի համագործակցությունը թևակոխել է նոր փուլ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում, նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում  փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագիրն ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը և Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լեվին: Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր` մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու առևտրային հոսքերի աճին: Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28.7 միլիոն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2.4 միլիոն:

Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության կառավարությունների միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ. մայիսին,
Երուսաղեմում: Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հար­կու­­մը բացա­ռելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի նախագծի շուրջ բանակ­­ցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, ինչի արդյունքում այն նախաստորագրվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում