«Առավոտ». Դպրոցում պետք է «մտքի հիգիենա» առարկա մշակել

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի այսօրվա համարի խմբագրականում գրում է. 

«Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի և ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել և կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որևէ ֆիլմ կամ որևէ հադորդում՝ նույնիսկ եթե դրանք գլուխգործոցներ չեն: Եթե մարդը [մեկն էլ՝ ես] հեռուստաէկրանից ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ է խոսում, ապա դուք տեսնում եք նրա դեմքը, միմիկան, հույզերը, և դա ավելի ջերմ, ավելի անմիջական շփում է, քան Ֆեյսբուքյան «ստատուսները», «լայքերը» և մեկնաբանությունները:

Համացանցը, որը զուտ տեսականորեն գիտելիքների և ազատ խոսքի անսպառ շտեմարան է, կարող է կատարել ճիշտ հակառակ գործառույթը՝ դուք փնտրում եք այն, ինչ ցանկանում եք կարդալ, և վանում եք այն, ինչ չեք ցանկանում: Այդպիսով ձեզ մոտ բթանում է քննադատաբար մտածելու ունակությունը, ընդհանրապես՝ մտածելու ձիրքը, որովհետև եթե դու քո մտածածը չես քննում, ապա դառնում ես ինչ-որ տեղ սովորած «ճշմարտությունները» կրկնող թութակ:

Ելքը ես տեսնում եմ, ինչպես և շատ այլ դեպքերում, կանոնակարգված լուսավորչական աշխատանքի մեջ: Դպրոցում սովորեցնում են, չէ՝, երեխաներին, որ ուտելուց առաջ պետք է լվացվել կամ՝ որ ծառերը չի կարելի փչացնել: Ճիշտ նույն ձևով կարելի է մշակել նոր առարկա, որը ես խիստ պայմանականորեն կանվանեի «մտքի հիգիենա»: Այդ առարկան պետք է սովորեցնի՝ ինչպես խուսափել համացանցային կախվածությունից և օգուտ քաղել այնտեղ զետեղված տեղեկատվությունից: Թե չէ՝ մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստnւմ է»,գրում է թերթի խմբագիրը։

Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում