«168 ժամ». «Նաիրիտ»-ի աշխատակազմը պայմանագրի լուծարման մասին ծանուցում կստանա

«168 ժամ»-ը գրում է. 

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել: Սև իրականությունը: «168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել՝ այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:

Ավելի կոնկրետ՝ Ե. Զախարյանը հրահանգել է կյանքի կոչել իր մշակած վերագործարկման առաջարկությունների փաթեթը, որը ոչ այլ ինչ է, քան բալաստից ազատում ու «Նաիրիտի» սնանկացման սկիզբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է գործարանի աշխատակազմի առավելագույն կրճատում և աշխատավարձերի ծավալի նվազեցում: Եվ ահա երեկ Ռ. Սաղաթելյանն այս մասին տեղեկացրել է աշխատակիցներին, ինչն անասելի վրդովմունք է առաջացրել:

«168 ժամի» հետ զրույցում այս լուրը հաստատեց գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Ըստ նրա՝ այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծարվելու է յուրաքանչ|ուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Այսինքն՝ հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար: Աշխատավարձերի վերաբերյալ Ա.Հարությունյանը հայտնեց, որ 400 հազար դրամից բարձր վարձատրվող 178 հոգու աշխատավարձերը կրճատվելու են մի քանի անգամ»,– գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում