«Խրամատը չլքելու» հորդորն ու օրինագծի տապալման վախը ՀՀԿ-ականերին ստիպում է «միշտ կոճակների մոտ լինել», բայց լռության հարցը լուծված չէ

Նմանատիպ
«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրն ամփոփել է 5-րդ գումարման ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ըստ այդ՝ ամբողջ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունել է 132 օրենք, որից 64-ը՝ արտահերթ նստաշրջանի արդյունքում: Ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված արտահերթ 3 նիստերը չեն կայացել:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկմանը նկատեց, որ խորհրդարանն այսօր աշխատում է իր ներուժի 50 տոկոսի չափով: Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ԱԺ-ի 6-րդ նստաշրջանում 131 պատգամավորից 67-ն օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լուռ» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 40-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 26-ը:
Ըստ հարցերի և ելույթների վիճակագրության՝ ակտիվության ցուցանիշը խմբակցությունների և պատգամավորների քանակի հետ համադրելիս ստացվել է, որ ԱԺ երկու մեծ խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պատգամավորներից յուրաքանչյուրը միջին հաշվով հարց է տվել կամ ելույթ ունեցել 2 անգամ, իսկ փոքրաթիվ խմբակցություններինը՝ մոտ 15 անգամ:
Ճգնաժամային իրավիճակ է արձանագրել էթիկայի հանձնաժողովը. ստացվել է ընդամենը 1 դիմում, որը մերժվել է:
Ինչ վերաբերում է ամենա-ամենաններին, ապա 5-րդ գումարման ԱԺ-ում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ամենաշատը կողմ են քվեարկել ՀՀԿ խմբակցությունից Ռազմիկ Զոհրաբյանն ու Հովհաննես Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ հարցերի և ելույթների քանակով ամենակտիվը Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ուրախ կլինեմ, որ պարոն Մարուքյանը հասնի և անցնի ինձ: Այդ ժամանակ վստահ կլինեմ, որ դրոշակը հանձնում եմ վստահելի մարդու»,-դիմելով Է. Մարուքյանին՝ ասաց ամենաակտիվ պատգամավոր Ա. Մինասյանը:
Այնուհետ հանդիպմանը ներկա տարբեր խմբակցություններ ներկայացնող օրենսդիրները և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեսակետներ հնչեցրեցին ազգընտիրների գործունեության առկա պատկերի վերաբերյալ:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ մեր քաղաքական միջավայրի և համակարգի արդյունքն է, որ մենք այսօր ունենք 70 լուռ պատգամավոր՝ նշելով, որ խորհրդարանի դերի նվազում է նկատվում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը հակադարձեց, թե մասնակցել է ԱԺ 4 գումարման և համոզվել՝ 5-րդ գումարումն ամենաարդյունավետ աշխատողն է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորների մեծամասնության «լուռ» լինելուն, ապա ըստ Մելիքյանի, բոլոր խմբակցություններում էլ այդպիսիք կան, պարզապես ՀՀԿ-ում նրանք մի փոքր ավելին են, քանի որ մեծաքանակ խմբակցություն է. «Լուռ պատգամավորներն աշխատում են խմբակցություններում, դա պետք չէ այդքան բացասական դիտարկել, իհարկե, գտնում եմ, որ կան պատգամավորներ, որոնք այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատեն»,-շարունակեց նա:
Այստեղ լրագրողներն Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին՝ երբ Գագիկ Մելիքյանն ասում է՝ ՀՀԿ-ականները հանձնաժողովներում են ակտիվ աշխատում, կոնկրետ Ձեր հանձնաժողովում ՀՀԿ պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը ի՞նչ ակտիվություն են ցուցաբերել, նա պատասխանեց. «Վերջին սրացումների հետ կապված այդ պատգամավորների հետ այցելել ենք դիրքեր, իսկ հանձնաժողովներում ակտիվություն չի եղել»:
Այս համատեքստում Մարուքյանն ուշադրություն հրավիրեց մի բացասական երևույթի վրա՝ ներկա կամ բացակա լինելու հիմք է ընդունվում քվեարկություններին մասնակցելը, ուստի պատգամավորները կարող են ընդամենը ԱԺ-ում լինել ժամը 12-ից մինչեւ 12.20 րոպեն և դա համարել գործունեություն, բայց դա օրենսդրական գործունեություն չէ:
ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը մնաց իր կարծիքին՝ միայն դահլիճային աշխատանքով չի որոշվում պատգամավորի ակտիվությունը:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը որպես լրացում տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի «խրամատը չլքելու» հորդորն իր գործն արել է՝ բացակայողների տասնյակում չկան արդեն ՀՀԿ-ականներ: Իհարկե, այստեղ այլ պատճառ էլ կա՝ քվեարկությունների խնդիրը, երբ 5 պատգամավորի բացակայությունը կարող է տապալել օրինագծի անցկացումը. «Դա ստիպում է միշտ կոճակների մոտ լինել»:
Քննարկմանը մասնակցող «Ժառանգություն» խմբակցությունից Ալեքսանդր Արզումանյանը բացակայությունների հետ կապված պատճառների տարբերակման խնդիր առաջ քաշեց: Օրինակ, ամենաշատ բացակայած պատգամավորներից է Հրանտ Բագրատյանը, բայց դասախոսական գործունեություն է ծավալում այլ երկրներում, ինչի պատճառով էլ շատ բացակայում: Ըստ նրա՝ սա չպետք է անհարգելի բացակայություն դիտարկել. «Պետք է անել այնպես, որ երևա, թե ով է գործուղման եղել, ով հենց այնպես է բացակայել: Եթե էլի կան բացակայողներից դասավանդողներ թող «հանցագործության» մասին հայտարարություն անեն»:
ՀՅԴ խմբակցություն պատգամավոր Արծվիկ Մինասյանը չհամաձայնվելով ասվածի հետ, նշեց, որ պառլամենտականի առաջին գործը նիստերին մասնակցելն է և երկրորդ գործը չպետք է խանգարի դրան:
Այս ֆոնին լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ եղավ ԱԺ նախագահի հանձնարարությունը, որ պետք է ուսումնասիրվեր պատգամավորների, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բացակա պատգամավորները պետք է ներկայացնեն փաստաթղթեր, հիմա մի մասը ներկայացրել են, մի մասը չեն ներկայացրել: Այդ փաստաթղթերը քննարկման փուլում են: Որոշում կայացնելու իրավունքը ԱԺ նախագահինն է»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում