Մեր լեզվի պահապանն ու պաշտպանը պիտի լինենք ամեն ժամ

Մեր լեզվի պահապանն ու պաշտպանը պիտի լինենք ամեն ժամ

Մայրենիի օրվան նվիրված «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ-ում բացվեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը: Այն նպատակ ունի բարձրացնել հայերենի առջև ծառացած խնդիրները և փնտրել ուղիներ դրանք ճիշտ լուծելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Մայրենիի օրը, կարծում եմ, մեր տոնացույցում ամենափայլուն, ամենապայծառ, ամենաընդունելի ազգային տոներից մեկն է: Այն որոշակի խորհուրդ է բերում, և այդ տոնի կրողները փորձում են ի մի բերել կատարվածը, նախանշել հետագա քայլերն ու մայրենին պահպանելու, կատարելագործելու ուղիները, ինչպես նաև հետագա սերունդներին փոխանցելու հարցերը»,- նշեց նախարարը` առաջարկելով մայրենիի պահապանն ու պաշտպանը լինել ամեն ժամ, ոչ թե մեկ օր:

Հրանուշ Հակոբյանի դիտարկմամբ` 2015 թվականին հատկապես կարևոր է խոսել մայրենիի մասին, քանի որ ուղիղ 100 տարի առաջ մեզ ոչ միայն կոտորեցին, հայրենազրկեցին, այլև սպանեցին մեր լեզուն: «Մենք պետք է անպայման խոսենք լեզվասպանության մասին, այսօր մենք կորցրել ենք տասնյակ բարբառներ: Մեր արմտահայերենն այսօր տարբեր երկրներում տարբեր մշակույթների ազդեցության ներքո անընդահատ ուծացման վտանգի տակ է»,-ասաց նախարարը` ավելացնելով, թե ցեղասպանության պատճառով է, որ այսօր շատ հայ երիտասարդներ հայերեն չեն խոսում:

Գիտությունների ակադեմիայի անդամները հանդես եկան զեկույցներով, որոնցում բարձրացնում էին արևելահայերենի ու արևմտահայերենի խնդիրները: Ակադեմիկոսները նաև հանդես էին գալիս առաջարկություններով:

Օրվա ավարտին, ամփոփելով աշխատանքները, գիտաժողովի մասնակցիները հանդես կգան հայտարարությամբ:

Փետրվարի 21-ին` «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառումների հաջորդ օրը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, նախարարի գլխավորությամբ, կայցելեն Օշական և ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմաքարին: Եկեղեցու դպրատանը կցուցադրվի բեմականացված հանդես Օշական գյուղի դպրոցի աշակերտների և սիրիահայ երեխաների մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցներն արդեն Երևանում կայցելեն Մեսրոպ Մաշտոցի հուշարձանին և Մատենադարան: Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները հանդես կգան Մայրենիին նվիրված հայ մեծանուն բանաստեղծների ստե ղծագործությունների ասմունքով:

Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Մայրենիի օր: Հայ ժողովուրդն այդ օրը նշում է Հայերենի օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում