«Նորմանդական քառյակի» ղեկավարներն առաջընթաց են նշել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն առաջընթաց են նշել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներն առաջընթաց են արձանագրել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ելիսեյան պալատը՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջեւ կայացած հեռախոսային բանակցությունների արդյունքները:

«Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարներն առաջընթաց են արձանագրել Մինսկի համաձայնությունների կատարման հարցում, սակայն ընդսմին նրանք ընդգծել են իրադրությունը բարելավելու անհրաժեշտությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:

Չորս պետությունների ղեկավարները «պայմանավորվել են դիմել ԵԱՀԿ-ին՝ կոչ անելով ավելի ակտիվ դեր խաղալ այն առումով, որ ապահովվի հրադադարի եւ ծանր սպառազինությունների հետքաշման ավելի խիստ վերահսկումը»: Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան խնդրում են կազմակերպությանը՝ «ամեն օր տեղեկացնել պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին»:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարկավոր է նաեւ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ օժանդակել ռազմագերիների ազատմանը եւ հումանիտար օգնություն տրամադրելուն»: «Նորմանդական քառյակի» երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչները հանդիպում կանցկացնեն մարտի 6-ին՝ քննարկելու Մինսկի համաձայնությունների կատարումը:

«Քառյակի» ղեկավարները նաեւ ակնկալում են, որ շփման խումբը «կստեղծի պայմանավորվածությամբ նախատեսված աշխատանքային խմբեր՝ հենց որ դա թույլ տա հրադադարի պահպանման հետ կապված իրադրությունը»:

Ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պաշտպանել են հրադադարի ռեժիմի խախտման բոլոր կետերում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղաբաշխման նախաձեռնությունը: Այդ մասին հայտնել են ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:

«Զրուցակիցները պաշտպանեցին հրադադարի ռեժիմի խախտման բոլոր կետերում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղաբաշխման Ուկրաինայի առաջարկը… ներառյալ 10 բնակավայր՝ Սչաստյեն, Պոպասնայան, Ստանիցան, Լուգանսկայան, Կրիմսկոյեն, Ավդեեւկան, Վոլնովախան, Գրանիտնոյեն, Շիրոկինոն, Դոնեցկի օդանավակայանի շրջանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, կողմերն ընդգծել են ԵԱՀԿ-ի տեսուչների անվտանգության եւ աշխատանքի պատշաճ ռեժիմի ապահովման, ներառյալ հետքաշված տեխնիկայի տեղաբաշխման վայրերում անարգել ստուգումների անհրաժեշտությունը:

Բացի այդ, ղեկավարների զրույցի ընթացքում արծարծվել է Դոնբասի բնակիչներին հումանիտար օգնություն հասցնելու հարցը եւ «էներգետիկական հարցեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում