Վոլոդյա Ֆրանգուլյան. Չեմ կարող մեդալ խոստանալ

Վոլոդյա Ֆրանգուլյան. Չեմ կարող մեդալ խոստանալ

Առաջին Եվրոպական խաղերին մեկնելուց առաջ այս տարվա Մ23 Եվրոպայի չեմպիոն ազատոճային, 61 կգ քաշային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ կարևոր է Բաքվի խաղերում հաղթանակ տանելը.

«Լավ ենք նախապատրաստվում, և այստեղի հաղթանակը ամենակարևորն է մեզ համար»:

Այն հարցին, թե ուսումնասիրել է իր հիմնական մրցակիցներ ու ֆավորիտներ համարվող ադրբեջանցի Հաջի Ալիևի և ռուս Ալեքսանդր Բոգոմաևի գոտեմարտերը, Վոլոդյան պատասխանեց, որ այո և ոչ միայն նրանցը.

«Բոլորի գոտեմարտերը ուսումնասիրել եմ. բացի նրանցից էլի ուժեղ ըմբիշներ կան: Սակայն ես պատրաստ եմ, գորգն ամեն ինչ ցույց կտա»։

Վոլոդյան կարծում է, որ իրենց Ադրբեջանում դժվար ջերմ ընդունելության արժանացնեն. «Ինձ թվում է այնպես չէ, որ մեզ շատ լավ են ընդունելու, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթանակի հասնենք»:

Եզրափակելով խոսքը՝ երիտասարդ ըմբիշը ասաց, որ իր համար այս մրցաշարը կարևոր է քանի որ առաջին անգամ է անցկացվում և հավասարազոր է Եվրոպայի առաջնությանը:

«Ես կարևորում եմ Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, իսկ այս խաղերը առաջին անգամ են անցկացվում: Եթե որոշված է մասնակցել ուրեմն պետք է լավ մասնակցենք: Բաքվու մեկնում ենք   լավ տրամադրվածությամբ, թիմում շատ հանգիստ մթնոլորտ է:Չեմ կարող մեդալ խոստանալ, բայց ամեն ինչ կանեմ որ լավ հանդես գամ»,-ամփոփեց Ֆրանգուլյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում