Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Յալթայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր:

Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման և զարգացման համար մինչև 2015 թվականը գործողությունների ծրագիրը: Նիստում անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Ընդունվել է նաև 2012-2014 թվականների համար ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիր:

Նեղ շրջանակում հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարները հավանություն են տվել Ուզբեկստանի միացմանն Ազատ առևտրի պայմանագրին, որի գործընթացը նախատեսվում է ավարտել մինջև տարեվերջ: Ստորագրվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ հինգ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, վավերացրել են ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Վարչապետը մասնակցել է նաև «Յալթայի գործարար հանդիպումներ» բիզնես-ֆորումի շրջանակներում «Ներդրումային նոր հնարավորություններ և ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցություն» թեմայով համաժողովին:

Հիշեցնենք, որ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում