Քեմալականները կոալիցիա կազմելու նախապայմաններ են առաջադրում
Նմանատիպ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) սկսել է քննարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ կոալիցիա կազմելու հավանականությունը՝ առաջ քաշելով դրա համար անհրաժեշտ իր նախապայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber Turk-ը:
Կոալիցիայի տարբերակները քննարկելու նպատակով հունիսի 15-ին հրավիրվելու է կուսակցության խորհուրդ: Նախքան խորհրդի հրավիրումն արդեն իսկ քննարկվում են այն պահանջները, որը կուսակցությունը ներկայացնելու է իշխող ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու դիմաց: Դրանցից կարևորագույնն այն է, որ Քըլըչդարօղլուն պահանջում է վարչապետի աթոռը երկու տարով տրամադրել իրեն, ինչպես նաև ՀԺԿ-ին տալ մեջլիսի նախագահությունը:
Քեմալականները պահանջելու են, որ կոալիցիայի մեջ «մեծ կամ փոքր գործընկերներ» չլինեն, նախարարների պորտֆելները բաժանվեն հավասար: Որպես ԱԶԿ-ի հետ համագործակցելու կարևորագույն նախապայման է ներկայացվելու նաև ԺՀԿ-ին արդարադատության, ներքին գործերի և ազգային կթության նախարարի պաշտոնները տալը: Քեմալականները ցանկանում են նաև հետաքննություն սկսել «Մեծ կաշառք»-ի գործում ներգրավված 4 թուրք նախարարների դեմ:
Հաղորդվում է, որ մյուս կուսակցությունների հետ համագործակցելու պարագայում ևս ՀԺԿ-ն պահանջելու է, որպեսզի վարչապետի պաշտոնը տրվի Քեմալ Քըլըչդարօղլուին:
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէր կարողացել հավաքել այնքան ձայն, որպեսզի կազմեր միակուսակցական կառավարություն: Ներկայում ԱԶԿ-ին անհրաժեշտ է համագործակցել ընտրված մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ կոալիցիա կազմելու համար, սակայն վերջինները նախապես հայտարարել են, որ իշխող քաղաքական ուժի հետ միավորվելու մտադրություն չունեն: Եթե ընտրությունների ավարտից 45 օր անց կառավարություն չկազմվի, ապա երկրում կանցկացվեն վաղաժամ խորհրդարանական ընտրություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում