Այս տարի ջրի սակագինը չի փոխվի. Արամ Հարությունյան

Այս տարի ջրի սակագինը չի փոխվի. Արամ Հարությունյան

Հայաստանում այս տարի ջրի սակագինը չի բարձրանալու: Լրագրողների հետ զրույցում այս մասին  նշեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: «Այս տարվա համար գնային փոփոխություն չի լինի: ՀՀ կառավարությունում ջրի սակագնի հետ կապված տարբեր խնդիրներ և մեխանիզմներ են առաջադրվել, որոնք դեռևս քննարկման փուլում են»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նա:

Հարցին` էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում ՀՀ կառավարությունը կավելացնի՞ ջրային ոլորտի սուբսիդավորումը, նա ասաց հետևյալը. «Անշուշտ, մենք ավելացող ծախսերը կներկայացնենք կառավարությանը և հուսով ենք, որ կառավարությունը կլուծի այդ հարցը»:

Նա նկատեց, որ ներկայումս իրականացվել է ջրային ոլորտում բարեփոխումների առաջին փուլը:

«Բարեփոխումների առաջին փուլում միավորվել են 42 ջրօգտագործող ընկերություններ: Բացի այդ`մենք արդեն երկու ամիս է` սկսել ենք ջրաչափության գործընթացը, որի ընթացքում տեղադրել ենք 81 ջրաչափական հանգույց, ինչը շատ կարևոր է»,-շեշտեց

Արամ Հարությունյանը և հավելեց, որ ժամանակակից ջրաչափիչ հանգույցների տեղադրման գործընթացը շուտով կավարտվի, ինչի արդյունքում ջրի կորուստները հասցվելու են նվազագույնի:

Ջրային ոլորտում բարեփոխումների 2-րդ փուլը մեկնարկեց 2014 թվականին, երբ սկսվեց ռազմավարության մշակումը: ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է երկու ծրագրային որոշում և ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն էլ իրականացնելու է բարեփոխումների ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում