Սարգիս Հովսեփյան. Եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է լավ խաղ ցուցադրենք

Սարգիս Հովսեփյան. Եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է լավ խաղ ցուցադրենք

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրոպայի 2016 թվականի առաջնության նախընտրական փուլի` Պորտուգալիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ պատասխանեց լրագրողների հարցերին:

-Բեռնար Շալանդը հեռացվել է վատ արդյունքերի պատճառով. Ձեր հեռանկարն ինչպիսի՞ն է:

-Յուրաքանչյուր մարզիչ իր ձեռագիրն ունի: Հնարավոր է՝ տղաները չհասկանան նրան, կամ հակառակը: Ես իմ մտքերն ունեմ: Շատ կարճ ժամանակ է մնացել, ընդամենը մեկ օրից կերևա, թե ես ինչ կարողացա տալ հավաքականին: Մարզիչը ես եմ և ինքս եմ որոշել` տվյալ պահին ով է անհրաժեշտ հավաքականին:

-Զարմանալի է թվում Մինսկի «Դինամոյի»` մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի՝ հավաքական չհրավիրվելը…

-Դուք լրագրող եք և չեք կարող պատկերացնել իրավիճակը: Ինքս եմ տեսել նրա մարզումները և վերջին խաղը ու գտել եմ, որ պետք չէ նրան հրավիրել հավաքական: Մարզիչը ես եմ և ինքս լավ գիտեմ, թե ում հրավիրել: Եկեք հավատանք մարզչին:

-Վաղվա խաղին առնչվող խնդիրները որո՞նք են:

-Հասկանում ենք, որ աստղեր են ժամանել: Կփորձենք մեր խնդիրները լուծել. բոլորս էլ գիտենք, որ բարդ է լինելու: Հնարավոր է պայքարել, մնում է գտնել նրանց թույլ կողմերը, հակադրել մեր ուժեղ կողմերը և լավ խաղ ցուցադրել: Առաջին անգամը չէ, որ խաղում ենք Պորտուգալիայի դեմ, ամեն ինչ հնարավոր է: Մենք ցանկանում ենք լավ, դիտարժան ֆուտբոլ խաղալ: Եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է լավ խաղ ցուցադրենք:

– Ինչպիսի՞ մարզավիճակում են Կառլեն Մկրտչյանն ու Լևոն Հայրապետյանը:

-Կառլենը լավ մարզավիճակում է: Որոշ ժամանակ պրակտիկա չուներ և դա ազդել էր մարզավիճակի վրա, սակայն այժմ ամեն ինչ կարգին է: Նույնը կարող եմ ասել Լևոնի մասին:

-Հայաստանի հավաքականը զիջելո՞ւ է գնդակի վերահսկումը Պորտուգալիային:

-Կարևոր է վերահսկել իրավիճակը: Կարևորում եմ այն, որ մրցակցին թույլ չտանք պահեր ստեղծել ու իրացնել դրանք:

– Առաջին խաղն է Ձեզ համար, իսկ հավաքականը բարդ իրավիճակում է. հեռանկարային առումով ի՞նչ եք դրել Ձեր առջև:

-Դեռևս առաջին խաղն է, և ես ոչինչ ասել չեմ կարող: Յուրաքանչյուր խաղում մեզ հաղթանակ է անհրաժեշտ: Դա դրական կանդրադառնա ֆուտբոլիստների և ինձ վրա:

– Ի՞նչ նպատակներ են դրվել Ձեր առջև:

– Նպատակ կա գեղեցիկ խաղ ցուցադրել ու հաղթել: Որևէ մարզիչ առանց նպատակի չի նշանակվում:

– Հավաքականի ֆուտբոլիստները ֆիզիկապես ինչքանո՞վ են պատրաստ:

-Մեկնարկային կազմում հայտնված բոլոր ֆուտբոլիստներն ամբողջապես պատրաստ կլինեն: Ովքեր թերի են պատրաստ, իրենց չափով խաղաժամանակ կստանան:

– Հայաստանի հավաքականը հարձակվողակա՞ն է գործելու:

– Չեմ ցանկանում գաղտնիքներ բացել: Քիչ ժամանակ է մնացել և բոլորն էլ կտեսնեն, թե ինչպես ենք գործելու:

-Ակումբային կարիերայում Ձեր վերջին հաջողությունները դրական ազդեցություն ունենալո՞ւ են Ձեր՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

– Ինձ համար այս ամենը նոր է: Աշխատանքը ցույց կտա, ես կփորձեմ ապացուցել՝ կարող եմ օգնել ազգային թիմին, թե ոչ: Անիմաստ է առաջնության և ազգային թիմի խաղերը համեմատելը:

– Յուրա Մովսիսյանի բացակայության վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով անփոխարինելի է: Հավատացնում եմ, որ Յուրայի փոխարինողն ավելի հաջող կգործի, քանի որ ապացուցելու ավելի շատ բան կունենա: Յուրաքանչյուրն էլ Յուրայի փոխարեն կձգտի շատ հաջող խաղալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում