ՀԱԷԿ-ը 6 ամսով կդադարի գործել 2017-ին
Նմանատիպ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ կա բավականաչափ ժամանակ Մեծամորի (Հայկական) ատոմային էլեկտրակայանի շահագործման լիցենզիայի երկարաձգման հարցին լուծում տալու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 13-ին ատոմակայանի ղեկավարության և շահագրգիռ այլ կողմերի հետ խորհրդակցություն են անցկացնելու` հաշվի առնելով հանգամանքը, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է ոչ թե 2016 թվականի սեպտեմբերի 1-ին, այլ 2017-ի գարնանը: «Մենք ժամանակ ունենք, կհասցնենք ամեն ինչ»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Նախարարը հայտնեց, որ, 2017-ին` ՀԱԷԿ-ի շահագործման լիցենզիայի երկարաձգման հայտի ուսումնասիրման ընթացքում, ատամոկայանը 6 ամսով կդադարի գործել: «Այդ վեց ամիսների ընթացքում պետք է կատարվեն շատ լուրջ վերականգնողական աշխատանքներ՝ անվտանգության, շահագործման հետ կապված, որպեսզի գործողության ժամկետը երկարացվի 10 տարով»,- ընդգծեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ այդ աշխատանքների համար նախատեսվում է ծախսել 300 միլիոն դոլար, որը վարկի տեսքով ստացել են ռուսական կողմից:
Հարցին ի պատասխան, թե արդյոք այդ ժամանակ կրկին կանգնելու ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վտանգի առջև` Երվանդ Զախարանն ասաց. «Վերականգնման աշխատանքների համար պետք է ծախսենք 300 միլիոն դոլար, 30 տարիների ընթացքում այդ վարկը պետք է մարենք, որոշակի ազդեցություն 2017 թվականից հետո դա, իհարկե, կունենա սակագների վրա»:
Հայաստանը հյուրընկալել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը` (IRRS): Առաքելությունը Հայաստանում իր աշխատանքն սկսել է այս տարվա հունիսի 1-ին ու ավարտել հունիսի 12-ին: IRRS առաքելության ղեկավար, Շվեյցարիայի Միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի ղեկավար Հանս Վանները, ներկայացնելով առաքելության արդյունքները, նշել է, որ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման խնդիրն է. ՀԱԷԿ-ի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016 թվականի սեպտեմբերի 1-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում