Ղարաբաղի դարպասը բաց է մնում. Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր (տեսանյութ)
Նմանատիպ
«Շահումյանից հետո Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում: Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը»: Կարոտ
Շուշիի փայլուն հաղթանակից հետո՝ 1992-ի հունիսի 13-ին խորհրդա-ադրբեջանական հսկայական միացյալ ուժերը սկսեցին և շատ կարճ ժամկետում իրագործեցին Շահումյանի (հունիսի 13-14-ը) և մասամբ Մարտակերտի շրջանների բռնազավթման գործողությունը:
Մեկ անգամ չէ, որ շահումյանցիներն ի դեմս «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության ղեկավար Էդիկ Բալայանի՝ պնդել են, թե «Ադրբեջանին չէր հաջողվի գրավել Շահումյանն ու Գետաշենը 1992թ. առանց խորհրդային բանակի աջակցության»:
Այս առնչությամբ տարիներ առաջ «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Հակոբ Հակոբյանը կարծիք էր հայտնել, թե Շահումյանի հայաթափումը պայմանավորված է եղել Արևմուտքի կոշտ միջամտությամբ. պատճառը նավթն էր: Հետո շարունակել, թե Շահումյանի անկումը քաղաքական որոշման արդյունք էր. «Այնտեղ մենք ուղիղ մեկ ամիս սպասում էինք հրամանի, որ վերցնենք Գետաշենն ու Մարտունաշենը: Բայց մեկ էլ ադրբեջանական կողմն անցավ լայնամասշտաբ գործողությունների: Հարց առաջացավ՝ ինչու՞ էինք մեկ ամիս նստած սպասում: Մեզ ասում էին սպասեք՝ «կրակադիլ» տանկերը գան, բայց մինչև հիմա դրանք չեն եկել: Հիմա պարզ է դառնում, որ մեր այն ժամանակվա իշխանությունները խայտառակ պարտություն էին կրել: Եթե նրանք մի փոքր աջակցեին, հնարավոր կլիներ Շահումյանը պահել»:
Տեղում եղած այլ ազատամարտիկներ ևս վկայել են, որ ռազմատեխնիկա չկա, ինչը վկայությունն էր այն բանի, որ հյուսիսային դարպասն անտեսված էր: Նրանց պատմածով՝ Շահեն Մեղրյանն ուղիղ կապ է հաստատել այդ ժամանակվա ՀՀ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հետ և պահանջել գոնե մեկ ռազմական ուղղաթիռ ուղարկել, որը չի արվել:
Շահեն Մեղրյանն ինքն էլ ժամանակին հայտարարել է՝ Շահումյանի անկումը Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր: 23 տարի է անցել այդ պարտությունից, սակայն ոչ Շահումյանի, և ոչ էլ Գետաշենի, Մարտունաշենի հարցը չի ներառվել բանակցային փաթեթում, ցանկություն էլ մի տեսակ չկա: Մինչդեռ միայն Շահումյանի շրջանից շուրջ 20.000 մարդ է բռնի տեղահանվել:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում