Նախնական գնահատումներով՝ Թբիլիսիում ջրհեղեղը 50 մլն լարիի վնաս է հասցրել
Նմանատիպ
Հունիսի 15-ին Վրաստանում Սգո օր է հայտարարված նախօրյակին ժամանակակից Թբիլիսիի պատմության ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղից զոհվածների հիշատակին: Հանրապետության ՆԳ նախարարության նախնական տվյալներով՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 12 մարդ, անհետ կորել է 24 բնակիչ: Զոհվածների թվում են Թբիլիսիի կենդանաբանական այգու երեք աշխատակիցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փրկարար ծառայությունների, ՆԳ նախարարության, Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցները եւ Վրաստանի զինված ուժերի զինծառայողները մեկ օրվա ընթացքում փրկել են հարյուրից ավելի մարդկանց, նրանցից 15-ին տեղափոխել են հիվանդանոցներ: Տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները ղեկավարում է կառավարության որոշմամբ ստեղծված արտակարգ շտաբը: Մաքրման եւ վերականգնողական աշխատանքներին քաղաքային ծառայությունների աշխատողների հետ միասին մասնակցում են տեղի հարյուրավոր բնակիչներ:
Մի քանի ժամ շարունակված տեղատարափի եւ Վերե գետի վարարման հետեւանքով Թբիլիսիում հեղեղվել են հարյուրից ավելի սեփական տների բակերն ու առաջին հարկերը, մի շարք ստորգետնյա անցումներ ու հրապարակներ, ավտոճանապարհների տեղամասեր, տասնյակ ընտանիքներ մնացել են առանց կացարանի: Քաղաքապետարանի որոշմամբ՝ այդ ընտանիքներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում եւ քաղաքապետարանի կողմից վարձակալված տներում ու բնակարաններում:
Ափերից դուրս եկած Վերե գետը հեղեղել է քաղաքի կենդանաբանական այգու տարածքը. կենդանիների մի մասը սատկել է, մյուս մասը փախել է վանդակներից, դրանց թվում կան վագրեր ու արջեր: Փախած կենդանիների մի մասին վնասազերծել են փողոցներում եւ վերադարձրել կենդանաբանական այգի, մյուսներին հարկ է եղել գնդակահարել, որովհետեւ դրանք սպառնալիք էին ներկայացնում մարդկանց կյանքի համար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ «նախնական գնահատումների համաձայն՝ տարերքի պատճառած վնասը կազմել է շուրջ 50 մլն վրացական լարի (23 մլն դոլար)»: Ղարիբաշվիլին նշել է, որ Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների վարչապետները Վրաստանին օգնություն են առաջարկել տարերային աղետի հետեւանքների վերացման գործում: Կառավարության ղեկավարն այն կարծիքին է, որ «տվյալ փուլում արտասահմանից նման օգնության անհրաժեշտություն չկա»: Միեւնույն ժամանակ Ղարիբաշվիլին «չի բացառել, որ տարերքի հետեւանքները վերացնելու համար Վրաստանին հարկավոր կլինի արտասահմանյան դոնորների ֆինանսական օգնությունը»:
Իր հերթին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը Վրաստանին օգնություն է առաջարկել ջրհեղեղի հետեւանքները վերացնելու գործում, նշելով, որ հարյուրից ավելի փրկարարներ՝ հատուկ սարքավորումներով ու հանդերձանքով, պատրաստ են մեկնել Վրաստան:
Վրաստանի վարչապետի խոսքով՝ առայժմ վաղ է եզրակացություններ անել ջրհեղեղի պատճառների մասին: Նա նաեւ հավելել է, որ Թբիլիսիի ժամանակակից պատմության մեջ «դեռեւս չէր եղել նման ուժգին ջրհեղեղ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում