Արդարադատության նախարարությունը ուսանողներին ներկայացրել է պրոբացիոն ծառայության ներդրման ծրագիրը
Նմանատիպ
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրը: Ինչպես փոխանցեցին ՀՀ Արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան Կարեն Գևորգյանը, բրիտանացի փորձագետ Մարտին Սեդոնը, այլք:
Սեմինար-քննարկման նպատակն էր ապագա մասնագետներին ծանոթացնել քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, քրեական պատիժների իրականացման ոլորտում պրոբացիայի ծառայության ներդրմանը:
Հանդիպմանը ներկայացվել են իրավախախտին կառավարելու հիմնական մեթոդները, տեղեկություններ մինչդատական աշխատանքի, դատարանի համար զեկույցներ կազմելու, պրոբացիոն հրամանների և վաղաժամկետ ազատման վերաբերյալ:
Սուրեն Քրմոյանը, ողջունելով ներկաներին, խոսել է պրոբացիոն ծառայության ստեղծման շարժառիթների, դրա կարևորության և գործնականում կիրառելու մեխանիզմների մասին:
«Մենք նոր առանցքային ինստիտուտ ենք ներդնում՝ պրոբացիայի ծառայություն, որը Քրեակատարողական ծառայությունից անկախ գործելու է Արդարադատության նախարարության կազմում: Պրոբացիոն ծառայությունը նաև կնպաստի կրկնահանցագործությունների թվի նվազմանը, կօգնի իրավախախտում կատարած անձին վերաինտեգրվել և վերասոցիալականացվել հասարակությունում»,- նշել է նախարարի տեղակալը:
Միջազգային փորձագետ Մարտին Սեդոնը խոսել է Հայաստանում արդարադատության համակարգի մարտահրավերների, քրեակատարողական համակարգի նպատակների և Մեծ Բրիտանիայում պրոբացիոն ծառայության գործունեության մասին:
Մարտին Սեդոնը պատասխանել է նաև ուսանողների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են անչափահասների արդարադատության բնագավառին, պրոբացիոն ծառայության աշխատակցի հմտություններին և պարտականություններին, էլեկտրոնային մոնիթորինգի աշխատանքներին և այն գործատուներին, ովքեր խուսափում են աշխատանքի ընդունել իրավախախտում թույլ տված անձանց:
Ուսանողներն առաջարկել են որոշակի խրախուսանքներ շնորհել այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում իրավախախատում թույլ տված անձնանց, օրինակ՝ ազատել հարկերից կամ պետական այլ տուրքերից:
ՀՀ փասաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի աջակիցներին, պրոբացիոն ծառայության հայեցակարգի մշակման աշխատանքների բոլոր մասնակիցներին, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոսներին: Արթուր Հովհաննիսյանը խոսել է Հայաստանում պրոբացիա հասկացության ծագման, զարգացման հեռանկարների և ներկայում ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում