Ջեբ Բուշը պաշտոնապես հայտարարեց ԱՄՆ-ի նախագահական մրցարշավին մասնակցելու մասին
Նմանատիպ
Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահի եղբայրը, պաշտոնապես հայտարարել է նախագահական մրցարշավին մասնակցելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press-ին, հանրապետականներին ներկայացնող քաղաքական գործիչն այդ մասին հայտարարել է հունիսի 15-ին Մայամիում կայացած հա նրահավաքում:
«Ես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի թեկնածու եմ»,- ասել է Բուշը: Նախընտրական ելույթում նա դեմոկրատների վրա է բարդել պատասխանատվությունը «ամբողջ պատմության ընթացքում ամենադանդաղ տնտեսական վերելքի», պարտային պարտավորությունների աճի եւ միջին դասի վրա հարկերի ավելացման, ինչպես նաեւ պաշտպանության համար ծախսերի «անմիտ» կրճատման համար:
«Ես չեմ ցանկանում, որ եւս չորս տարի նման քաղաքականություն իրականացվի»,- ընդգծել է Ջեբ Բուշը:
62-ամյա քաղաքական գործիչը նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն է համարվում Հանրապետական կուսակցությունից: Հաղթելու դեպքում նա կդառնա Բուշերի ընտանիքի՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնն զբաղեցրած երրորդ ներկայացուցիչը իր հոր՝ Ջորջ Բուշ ավագից եւ եղբոր՝ Ջորջ Բուշ կրտսերից հետո:
Հունիսի 14-ին CNN-ին տված հարցազրույցում Բուշն ասել է, որ մտադիր չէ պատճենել իր ավագ եղբոր քաղաքականությունը: «Իմ կենսափորձը տարբերվում է»,- ընդգծել է Ֆլորիդայի նախկին նահանգապետը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Մինչ այժմ պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարելու ցանկության մասին հայտարարել են Հանրապետական կուսակցության տասը ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը, Hewlett-Packard-ի նախկին գլխավոր տնօրեն Քարլի Ֆիորինան, նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, ինչպես նաեւ Փենսիլվանիայից նախկին սենատոր Ռիք Սանտորումը:
Դեմոկրատների ճամբարից նախագահական մրցարշավին մասնակցելու մտադրության մասին հայտնել են քաղաքական չորս գործիչներ, այդ թվում՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ՛Մելլին եւ սենատոր Բեռնի Սանդերսը: Հունիսի սկզբին նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին հայտարարել է Ռոդ Այլենդի նախկին նահանգապետ Լինքոլն Չեյֆին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում