Համաշխարհային բանկն արդարացնում է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը

Համաշխարհային բանկն արդարացնում է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը

Համաշխարհային բանկը էներգետիկ ոլորտի ներկա իրավիճակում արդարացված է համարում էլեկտրաէներգիայի թանկացումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԲ-ի էներգետիկայի ոլորտի պատասխանատու, փորձագետ Արթուր Կոչնակյանը նշեց, որ շատ ռիսկեր չեն վերահսկվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից և սպառողներն այժմ վճարելու են «չվերահսկվող ռիսկերի» դիմաց:

«Կան ռիկեր, որ չեն  կարող վերահսկվել բաշխիչ ցացերի կողմից, քանի որ դրանք պայմանավորված են լինում արտադրող կայաննների աշխատանքով: Երբ ասում ենք, որ մենք փոխհատուցելու ենք իրենց կորսուտները, դա այնքան էլ ճիշտ մեկնաբանություն չէ, քանի որ մենք փոխհատուցում ենք միայն այն կորուստների դիմաց, որոնք առաջացել են իրենց կողմից չվերահսկվող ռիսկերից: Շատ ծախսեր էլ պարզապես ներառված չեն սակագնի հաշվարկներում, որ առաջարկել է ՀԷՑ-ը: Արդյունքում, առաջարկվող սակագինը որոշակիորեն արդարացված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա: Կոչնակյան խոսքով` ներկա սակագինը ծախսածածկվող մակարդակի վրա չէ:

ՀԲ-ի փորձագետը խոսեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սնանկացման վերաբերյալ տարածված տեղեկությունների մասին` նշելով, որ Համաշխարհային բանկը չի ուսումնասիրում այդ հարցը, սակայն աշխատում է ոլորտի կառույցների հետ` օժանդակելու նրանց ֆինանսական առողջացմանը:

Անդրադառնալով այն հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը որքանով կազդի սպառողների և տնտեսության վրա` Արթուր Կոչնակյանը նշեց, որ թանկացումները կազդեն տնային տնտեսությունների կողմից տնօրինվող եկամուտների վրա, սակայն տնտեսության վրա դրա ազդեցությունը հասկանալու համար պետք է ուսումնասիրել տնտեսական աճի հեռանկարը: Սպառողների վրա թանկացման ազդեցությունը մեղմելու համար ՀԲ ներկայացուցիչը անհրաժեշտ համարեց սոցիալական օգնության ծրագրերը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հոսանքի սակագինը 40-53 տոկոսով բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ գիշերվա և ցերեկվա համար: Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր ուսումնասիրությունների արդյունքնում հիմնավոր է համարում 6,93 դրամով թանկացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում