Հանրաքվեի ժամանակ հրավիրել միջազգային դիտորդների. ԵԽԽՎ համազեկուցողներ
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) և Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) Երևան կատարած այցելությունից հետո ողջունել են Հայաստանի իշխանությունների մտադրությունը` համակարգային թերություններից որոշները սահմանադրական բարեփոխումների միջոցով շտկելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Զեկուցողները արձանագրել են, սակայն, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Հայաստանի քաղաքական տարբեր ուժեր տարակարծիք են: Մասնավորապես, տեսակետները չեն համընկնում Հայաստանի քաղաքական համակարգի փոփոխության վերաբերյալ: «Սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակը պետք է լինի քաղաքական բազմակարծության, քաղաքական համակարգին հասարակության վստահության, Ազգային ժողովին կառավարության հաշվետվողականության ամրապնդումը»,- նշել են համազեկուցողները:
Ֆիշերը և Միլը նշել են, որ քաղաքական և ընտրական գործընթացներում քաղաքական վստահությունը Հայաստանում դեռևս ցածր է, հետևաբար հանրաքվեի անցկացման ժամանակ խորհուրդ են տվել հրավիրել միջազգային դիտորդների:
«Հասարակական քննարկումները և հանրաքվեի` ամբողջովին ժողովրդավարական գործընթացն առանցքային են նոր սահմանադրության ժողովրդավարական լեգիտիմության համար»,- հայտնել են համազեկուցողները:
Նրանք Հայաստան կատարած այցի վերաբերյալ տեղեկությունը 2015 թվականի սեպտեմբերին կներկայացնեն մոնիթորինգի հանձնաժողովին: Զեկուցողները մտադիր են Երևան վերադառնալ այս տարվա երկրորդ կիսամյակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում