Արտոնագրային վճարը որպես խնդրի լուծում, թ՞ե՝ նահանջ

Արտոնագրային վճարը որպես խնդրի լուծում, թ՞ե՝ նահանջ

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության նախաձեռնությամբ ներկայացված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով լուծում է առաջարկվում ոսկու շուկաներում առևտրական գործունեություն ծավալողների համար, որոնք խնդիրներ ունեին անցած տարի փոփոխված շրջանառության հարկի մասին օրենքում ներդրված պարտադիր փաստաթղթավորման օրենքի պահանջի հետ:

Մասնավորապես՝ տարեկան մինչեւ 115,0 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից ոսկու շուկաներում սեղանիկների միջոցով թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի իրականացվող գործունեությունը համարվում է արտոնագրային վճարով հարկման ենթակա գործունեություն` վճարի մեծությունը կախվածության մեջ դնելով վաճառասեղանի ճակատային մասի գծամետրից: Ամսական վճար է սահմանվում 35000 մինչև 0.7 գծամետր տարածքի համար (Երևանի համար)-15000 մինչև 0.7 գծամետր տարածքի համար (այլ վայրերում): Սահմանամերձ գյուղերում ցանկացած տնտեսական գործունեություն ազատված է հարկումից:

Օրինագիծը օրենք դառնալու դեպքում ուժի մեջ կմտնի 2015 թվականի հուլիսի 1-ից:
Ո՞րն է նախաձեռնության անհրաժեշտությունը և ինչ՞ու կարիք եղավ դեռ «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների ուժի մեջ մտնելը լուծումներ գտնել փոքր և միջին բիզնեսի առանձին ոլորտի համար:

Հիշեեցնեմ, որ համաձայն «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերջին փոփոխությունների, որն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, առևտրական գործունեությունից եկամուտները կգանձվեն 5% դրույքաչափով: Փաստաթղթավորված գործարքների համար սահմանվել է նվազեցման մեխանիզմ այդ գործորքների հանրագումարի 4%-ի չափով: Այսինքն ներդրվեց որքան փաստտաթուղթ, այնքան քիչ հարկ սկզբունքը:

Նախագծի մշակման հիմքում ոսկու շուկաներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում իրականացված հարցումներն ու ուսումնասիրություններն են: Պարզվել է, որ ոլորտի հայտնի առանձնահատկությունները դժվարեցնում են փաստաթղթավորված ծախսերի հաշվառմամբ՝ շրջանառությունների հարկման կազմակերպումը: Հարկերի վճարումը հաճախ իրականացվում է շրջանառությանը ոչ համարժեք, հարկային տեսուչները ըստ իրադրության կարող են գործ ունենալ թե ԱԻՎ կազմակերպչի, թե հաշվապահությունը փաստացի վարողի, թե սեղանիկը շահագործող ԱՁ-ի հետ:

Եթե շրջանառության հարկի մասին օրենքի փոփոխություններից հետո այս ոլորտը շարունակվի հարկվել շրջանառության հարկով և հարկային մարմինները հետևողական լինեն իրական շրջանառությունների արտացոլման հարցում, ապա ծախսերի և հումքի փաստաթղթերի ձեռքբերման բարդությունների պատճառով, հարկի դրույքաչափը ընդհուպ կմոտենա 5%-ի, որի պարագայում համատարած ՀԴՄ կիրառման պահանջի հետևողական վերահսկումը կառաջացնի դժգոհություն և կունենանք փաստացի հարկի դրույքաչափի բարձրացում կամ տնտեսվարողը կփորձի պայմանավորվածության եզրեր գտնել իրավասու անձանց հետ: Այսինքն պարարտ հող կստեղծվի կոռուպցիոն դրսևորումների և, կրկին՝ իրական շրջանառության թերհայտարագրման համար:

Արտոնագրային վճարի չափի հաշվարկման հիմքում իրականացված ուսումնասիրություններն են, ըստ որի տնտեսական ակտիվության ներկա փուլում իրատեսական է տնտեսավարող սուբյեկտի ամսական 700,000-3,500,000 դրամ միջակայքը, համապատասխանաբար՝ արտոնագրային վճարը առաջարկվում է առավելագույնը 35000 դրամ (700,000*5%=35,000, 3,500,000*1%=35,000): Արդյունքում տնտեսվարողը վճարելով սահմանված հաստատուն գումարը, զերծ կմնա տեսուչների հետ շփումներից, հնարավոր տույժ-տուգանքներից, ավելորդ հարկային վարչարարությունից:

Ընդհանուր առմամբ ողջունելի է ոսկեգործության ոլորտին օժանդակելու նախաձեռնությունը: Թվում է՝ փոքր բիզնեսի այդ խմբի համար լուծում գտնվեց: Բայց խնդիրը տեսնում եմ այլ տեղ: Անցյալ տարի կառավարությունը հայտարարեց նոր կուրս՝ երկրում պետք է լինի պարտադիր փաստաթղթավորում, փաստաթղթավորման բոլոր փուլերում: Պետք է արձանագրենք, որ փաստացի չլուծվեց այն խնդիրը, թե որտեղից և ինչու չկա փաստաթուղթ: Առանձին ոլորտային բացառությունը կարող է նախադեպ հանդիսանալ այլ որորտներում առևտրային գործունեություն իրականացնողների համար, ինչն էլ կասկածի տակ է դնում «Շրջանառության հարկի մասին» օրենքի կենսունակությունը:

Հայկ Համբարձումյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում