IDeA և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամները Դիլիջանում ու Տաթևում աջակցելու են ՓՄՁ-ների զարգացմանը
Նմանատիպ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամների միջեւ հունիսի 18-ին փոխըմբռնման եւ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել: Հուշագրի նպատակը Տաթեւում եւ Դիլիջանում, ինչպես նաեւ հարակից համայնքներում ձեռնարկատիրության խթանմանն աջակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հանրային կապերի բաժինների համատեղ հաղորգադրության համաձայն` հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել մասնավորապես համագործակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ծրագրի շրջանակում, ինչը վերոնշյալ տարածաշրջաններում փոքր ձեռնարկատիրության զարգացման համար համապարփակ աջակցություն է նախատեսում:
Փաստաթուղթն ստորագրել են IDeA-ի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը։ «IDeA հիմնադրամը թե՛ Տաթեւում, թե՛ Դիլիջանում զարգացման ծրագրեր է իրականացնում, եւ դրանց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներին։ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը եւ դրա շրջանակում «Տաթեւեր» ճոպանուղու կառուցումը նկատելի աշխուժացրեցին այդ տարածշրջանում զբոսաշրջային հոսքերը։ Ներկայումս մենք փորձում ենք աջակցել համայնքերում B&B դասի հյուրա տների զարգացմանը, եւ ուրախ ենք այս գործում համագործակցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ: Պետք է նկատել, որ տեղի ձեռներեցների համար կարեւոր են ոչ միայն վարկային միջոցների ստացումը, այլեւ մասնագիտական խորհրդատվությունը՝ հետագա գործունեությունը ճիշտ կազմակերպելու համար, եւ հենց այդ հարցում էլ մենք կփորձենք օգտակար լինել նրանց: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը էական արդյունքներ կարձանագրի եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տեղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,- նշել է Արմեն Գեւորգյանը։
ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը նույնպես կարեւորել է փաստաթղթի ստորագրումը: «Տաթեւը և Դիլիջանը, որպես Հայաստանի զբոսաշրջային ամենաթեժ կետեր, ունեն նոր ենթակառուցվածքների, նոր հյուրատների և զբոսաշրջիկների սպասարկման այլ բիզնեսների կարիք: Դա են ցույց տվել Տավուշում և Սյունիքում մեր իրականացրած ուսումնասիրությունները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, պետական աջակցության ծրագրերի շրջանակում և միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն աջակցություն է ցուցաբերում նշված տարածաշրջանների սկսնակ գործարարներին , հատկապես՝ նրանց, ովքեր ցանկացել են հիմնել նոր հյուրատուն կամ զարգացնել արդեն ունեցածը, ինչը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման առաջնայնություններին, այն է՝ ՓՄՁ ոլորտի զարգացումը մարզերում: Հատուկ շեշտելով IDeA-ի անուրանալի ներդրումը Տաթևի և Դիլիջանի զարգացման գործում, մեզ համար նույնպես կարևոր է միավորել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ դրանցից սպասվող արդյունքը կրկնապատկելու ակնկալիքով»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում