Թուրքիայի իշխող կուսակցությունը, հավանական է, կոալիցիա կստեղծի ազգայնականների հետ

Թուրքիայի իշխող կուսակցությունը, հավանական է, կոալիցիա կստեղծի ազգայնականների հետ

Խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ ձայներ հավաքել չկարողանալու պատճառով կոալիցիոն կառավարություն ստեղծել հարկադրված Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարծես գտել է խնդրի լուծման ճանապարհը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, խորհրդարան անցած Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) հետ կոալիցիա ստեղծելուն դրական մոտեցող ԱԶԿ-ն խոչընդոտները վերացնելու ուղղությամբ գործողություններ է սկսել:

ԱԶԿ-ն ավելի հետաքրքրված է խորհրդարան մտած Ժողովրդահանրապետական (CHP) եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցությունների համեմատ ԱՇԿ-ի մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու մեջ: Ըստ տեղեկությունների` ԱԶԿ-ի շտաբում քննարկումներ են սկսվել ԱՇԿ-ի կողմից նրա առաջ դրված երեք հիմնական պայմանների ուղղությամբ:

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 18-ին հայտարարել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Այդ արդյունքների համաձայն` Թուրքիայի խորհրդարանում ԱԶԿ-ը զբաղեցրել է 258, ԺՀԿ-ն` 132, ԱՇԿ-ն` 80 եւ ԺԴԿ-ն` 80 պատգամավորական աթոռներ:

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի նոր խորհրդարանն առաջին նիստը կգումարի հունիսի 23-ին, որտեղ նորընտիր պատգամավորների երդման արարողությունից հետո այդ երկրի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին կհանձնարարվի նոր կառավարություն ստեղծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում