Բաքվի խաղերը հօգու՞տ, թե՞ ընդդեմ Ալիևի

Բաքվի խաղերը հօգու՞տ, թե՞ ընդդեմ Ալիևի

Համաձայն «Transparnecy Internation’s» միջազգային կազմակերպության վիճակագրության, աշխարհի 175 երկրների շարքում Ադրբեջանն ամենակոռումպացվածների թվում է` զվաղեցնելով 126-րդ հորիզոնականը: «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» սանդղակում ազատ մամուլի մակարդակով 180 երկրների թվում մեր հարևանը 162-րդ «պատվավոր» տեղում է: Իսկ «Freedom House»-ն Ադրբեջանին ընգրկել է ոչ ազատ երկրների շարքում:

Բայց սա ամենևին էլ խոչընդոտ չէ Ադրբեջանի համար` հյուրընկալելու Առաջին եվրոպական օլիմպիական խաղերը և աշխարհին ներկայանալու եվրոպական երեսով: Քաղաքականության և բարոյականության ուղիները երբեք էլ չեն խաչվել, և զարմանալի չէ, որ եվրոպական և ընդհանրապես համամարդկային արժեքներն արհամարհող Ադրբեջանն այսօր եվրոպական խաղերի օրանն է: Իզուր են իրավապաշտպան կազմակերպությունների բողոքները, միջազգային ԶԼՄ-ի սուր քննադատությունները կամ եվրոպայի կենտրոնական հրապարակում դժգոհության ակցիաները: Միևնույն է Բաքվի օլիմպիական խաղերն արդեն իրողություն են և մեկ շաբաթից կհասնեն իրենց հանգուցալուծմանը:

Արդյո՞ք Բաքու 2015-ն ինչ-որ բան փոխեց Ադրբեջանի համար կամ արդարացրեց սպասելիքները: Պատասխանելը միանշանակ դժվար է, սակայն փորձենք դիտարկել նրա ունեցած դրական և բացասական դերը: Օլիմպիական խաղերի կազմակերպումը կապված է հսկայական ծախսերի հետ, ուստի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում եվրոպական երկրներն իրենց նման շքեղություն թույլ տալ չէին կարող: Մինչդեռ նավթադոլարների վրա նստած Ալիևի և նրա մերձավոր շրջապատի համար օլիմպիադան նոր հնարավորություն էր` մսխելու պետական փողերը: Զանազան աղբյուրներ տարբեր թվեր են մատնանշում` կապված Օլիմպիադայի կազմակերպան հետ: Որոշ աղբյուրներ նշում են 6.5 միլիարդ դոլար, իսկ որոշները` 8 կամ նույնիսկ 10 միլիարդ դոլար: Անշուշտ, եթե հաշվի ենք առնում, որ Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում 126-րդ հորիզոնականում է, ապա հասկանալի է, որ ինչպես այս երկրի ամեն ոլորտում, այնպես էլ օլիմպիական խաղերի կազմակերպման ժամանակ հսկայական գումարներ են գնացել հստակ մարդկանց գրպանները: Մասնավորապես` Ալիևը գումարը մեկ գրպանից հանել դրել է մյուսի մեջ, քանի որ կազմակերպչական աշխատանքներում մեծապես ներգրավված է եղել հենց իր ընտանիքը: Չպետք է մոռանանք նաև, որ Բաքուն իր վրա էր վերցրել բոլոր մարզիկների ավիատոմսերի, սննդի և հյուրանոցի ծախսերը: Ստացվում է, որ երկրում անփոխհատույց ծախսվել է մոտ տաս միլիարդ դոլար գումար, որը որևէ կերպ հետ չի վերադարձվելու պետական գանձարան: Այստեղ կարևոր է շեշտել, որ Ադրեջանում հիմնական ավիաընկերությունները, հյուրանոցները և առհասարակ ժամանցի վայրերը պատկանում են ալիևյան ընտանիքի այս կամ այն անդամին, ուստի ծախսված գումարը գրեթե դուրս չի եկել իշխող ընտանիքի և իշխող կլանի շրջանակներից:

Փոխարենն, Ադրբեջանը, որի արտահանման և պետբյուջեի գոյացման առյուծի բաժինը պատկանում է նավթի արտահանմանը, այսօր տնտեսական լուրջ դժվարությունների առջև է կանգնել: 2015թ-ի պետբյուջեով մեկ բարել նավթի դիմաց նախատեսված էր 90 դոլար, սակայն ներկայումս նշված թվի գրեթե կեսն է, որն հանգեցրել է նաև նավթային սեկտորում աշխատակիցների թվի զգալի կրճատմանը: Սակայն այդ երկրի իշխանություններն իրենց կարող են թույլ տալ 100 միլիոն դոլար ծախսել Օլիմպիական խաղերի բացման արարողության կազմակերպման համար: Հայաստանի տեսանկյունից, բնականաբար շահավետ է խաղերի վրա Ալիևի ծախսված տաս միլարդ դոլարը, քանի որ այն որոշակիորեն նվազեցրեց հավանականությունը, որ այդ գումարները կծախսվեին զենք գնելու համար, որը հնարավոր էր ուղղվեր` ընդդեմ հայկական սահմանների:
Ի սզկբանե պարզ էր, որ Ալիևը նախևառաջ խաղերը փորձում էր օգտագործել, ինչպես միջազգային ասպարեզում սեփական երկրի հեղինակությունը բարձրացնելու, այնպես էլ հակահայկական քարոզչություն իրականացնելու համար:

Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել, որպես պետության մի մոդել, որը չնայած դեմոկրատացման և խոսքի ազատության մակարդակներով չի համապատասխանում եվրոպական չափանիշներին և իր առջև խնդիր էլ չի դրել համապատասխանի դրանց, սակայն կարող է լինել նաև ժամանակակից պետություն, որը ոչ մի բանով չի զիջում օլիմպիադաների անցկացման եվրոպական չափանիշներին: Ալիևն ակնկալում էր, որ ծախսած գումարները կծառայեն երկրի դրական իմիջի ձևավորմանը, սակայն հակադարձ ազդեցությունն անխուսափելի էր:

Համաշխարհային բոլոր հեղինակավոր պարբերականներն, անդրադարձ կատարելով Բաքվի խաղերին, չեն շրջանցում երկրում քաղբանտարկյալների և խոշտանգված լրագրողների, ալիևյան դիկտատուրայի թեման: Միջազգային ԶԼՄ-ից կատարած ծաղկաքաղը հետևյալ արդյունքն է ցույց տալիս:Բրիտանական The Economist հանդեսը «Ադրբեջանն ու եվրոպական խաղերը. Ալիևի թիմը» վերնագրով իր հոդվածում գրել է, որ «իր նպատակներին հասնելու համար Բաքուն գործի է դնում նավթը, խավիարը և այլ բարիքներ»:

Բրիտանական մեկ այլ հեղինակավոր պարբերականի` Գարդիանին արգել էին լուսաբանել խաղերի բացման արարողությունը և լրագրողին մուտք գործել Ադրբեջան, ինչը պարպերականը կապում է դեկտեմբերին Եվրոպական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ իրենց հոդվածի հետ, որում ասվում էր, թե ընդդիմությանը և խոսքի ազատությունը ճնշող Ադրբեջանում միաժամանակ փորձում են ընդլայնել միջազգային սպորտային միջոցառումների պորտֆոլիոն։

Frankfurter Allgemeine Zeitung օրաթերթի հունիսի 10-ի համարում տեղ է գտել հեղինակ Քրիստոֆ Բեքերի «Նախագահի մեծ շոուն» խորագրով հոդվածը, որում խոսվում է Եվրոպական խաղերին քարոզչական բնույթ տալու պաշտոնական Բաքվի ջանքերի մասին: Բաքուն այդ ուղղությամբ ահռելի գումարներ է ծախսում. խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն Ալիևը մոտ 10 միլիարդ դոլար է հատկացրել: Գերմանական Die Welt պարբերականն էլ նկատում է, որ Ադրբեջանում ընթացող վիճելի Եվրոպական խաղերի ընթացքում միայն սեփական մարզիկներին են աջակցում, մինչդեռ արտասահմանցի մարզիկները շարունակաբար ստորադասվում են:

Բաքվում անցկացվող խաղերը քարոզչական տեսանկյունից ունեն նաև վտանգավոր հետևանքներ Հայաստանի համար: Կմոռացվեն ծախսված միլիոններն ու մարդու իրավունքները, ալիևյան խրախճանքներն ու խոշտանգումները, սակայն չպետք է մոռանանք, որ այս խաղերին մասնկացում են աշխարհի շուրջ հիսուն երկրների 6000 մարզիկներ, որոնց մոտ անձնական հիշողություններ ու տպավարություններ կմնան: Այս օրերին Ադրբեջանում ջանքեր չեն խնայի սեփական մշակույթի բացակայությունը լրացնել հայկական մշակույթից, խոհանոցից գողացված տեսականիով: Քարոզչության տեսանկյունից սովորաբար հաղթող է դուրս գալիս, այն կողմը, ով առաջինն է տալիս ինֆորմացիան, իսկ այս պարագայում շատ մարզիկների համար Ադրբեջանը դարձավ տեղեկատվության առաջնային աղբյուր` հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող հինավուրց պետություն, որի տարածքների մի մասը «բռնազավթվել» է հարևան Հայաստանի կողմից: Բացի այդ քարոզչական մակարդակում անհատական տպավորությունների վրա աշխատելն իսկապես ավելի ազդեցիկ է, քանի որ մարդկանց մոտ ավելի շատ հավատ է ներշնչում ոչ թե քաղաքական գործչի բերանից արտասանված ճառերը, այլ հասարակ մարդկանց հետ զրույցներ: Այս տեսանկյունից Ադրբեջանը շահեկան դիրքերում է հայտնվել: Միևնույն ժամանակ չպետք է նաև մոռանանք, որ եվրոպացիներին մեծ հաշվով չի հետաքրքում, իսկ երբեմն նաև ծիծաղելի է թվում, թե որ կերարկուրն ում ազգային խոհանոցին է պատկանում վեճերը:

Այնուամենայնիվ, այս ամենին հակադարձելու համար մենք էլ պետք է օգտագործենք նմանատիպ գործիքներ: Բնականաբար, ՀՀ-ն կարիք և հնարավորություն չունի կազմակերպելու եվրոպական խաղեր,  որպեսզի այն դարձնի քարոզչության հարթակ, փոխարենն ամբողջ աշխարհով մեկ ապրում են մեծաթիվ հայեր, ովքեր առանց պետական ուղղորդման կամ քարոզչական նպատակների ներկայացնում են սեփական ազգի պատմությունն ու մշակույթը: Նավթադոլարների բացակայության պայմաններում Հայաստանի ներուժն իր մարդկային կապիտալն է, որը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի:

 Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում