Կառավարությունը էլեկտրահաղորդման ցանցերի բարելավման համար վարկ է վերցնում

Կառավարությունը էլեկտրահաղորդման ցանցերի բարելավման համար վարկ է վերցնում

Կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավում էլեկտրահաղորդման ցանցերի բարելավման համար: Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրով ՎԶՄԲ-ն Հայաստանին կտրամադրի 52 միլիոն դոլար, որը կօգտագործվի «Բարձրավոլտ ցանց» ՓԲԸ-ի և «Երևանի ջերմակայան» ՓԲԸ-ի ենթակայանների վերակառուցման համար:

«Վարկը Հայաստանի Հանրապետության տրամադրվում է 25 տարով, որից 14.5 տարին արտոնյալ պայմաններով է: Տոկոսադրույքը վարկի արժույթի համար սահմանված բազային չափի և փոփոխական տարբերության հանրագումարն է և փոփոխական է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Գալստյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ համաձայնագրով նախատեսված է կազմակերպել «Բարձրավոլտ ցանց»-ի ենթակայանի վերակառուցումը, որը կարժենա շուրջ 16.4 միլիոն դոլար: Նա տեղեկարեց, որ այս գումարով հնարավոր կլինի ավարտել այդ ենթակայանի արդիականացումն, ինչի արդյունքում ենթակայանը կդառնա էներգետիկ ոլորտի հուսալիության և կայունության ապահովման երաշխիքներից մեկը: Երևան ՋԷԿ-ի ենթակայանի հիմնանորոգման  համար նախատեսված է ծախսել շուրջ 28.7 միլիոն դոլար: Փոխնախարարը հայտնեց, որ այս ենթակայանում 1987թ. լուրջ վերանորգում չի կատարվել:

«Այս համաձայնագրի իրականացման արդյունքում մենք կունենանք հանգուցային կարևորագույն ենթակայան, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով»,- ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ վարկային միջոցներով նախատեսվում է նաև «Բարձրավոլտ ցանց»-ի համար ձեռք բերել մեքենաներ և սարքավորումներ՝ ցանցի արդիականացման, պահպանման համար՝ 2.6 միլիոն դոլարի չափով: 2.5 միլիոն դոլար էլ օգտագործվելու է ռեզերվային կառավարման վահանակ կառուցելու համար:

Արեգ Գալստյանը հայտնեց, որ դա հնարավորություն է տալիս տարբեր տեսակի ֆորսմաժորային իրավիճակներում, բացի առկա ռեզերվային վահանակից, կիրառել նաև մեկ այլ ռեզերվային վահանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում