Բաքու 2015. Նարեկ Աբգարյանը պարտվեց 1/4 եզրափակչում

Բաքու 2015. Նարեկ Աբգարյանը պարտվեց 1/4 եզրափակչում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում ևս Հայաստանը մեդալներ չնվաճեց:

Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը` 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը քառորդ եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց սլովակ Ուիլյամ Տանկոյին և զրկվեց մեդալների համար պայքարից: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Նարեկ Աբգարյանը 2:1 հաշվով առավելության էր հասել հունգարացի Նանդոր Քսոկայի նկատմամբ:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

Նշենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանի վերջին ներկայացուցիչները ձյուդոիստներն են.

  • Հովհաննես Դավթյան (60կգ)
  • Դավիթ Նիկողոսյան (73կգ)
  • Ժաննա Ստանկևիչ (52կգ)

Հայ ձյուդոիստները հունիսի 23-ի առավոտյան են ուղևորվել Բաքու և պայքարի դուրս կգան հունիսի 25-ին և 26-ին:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում