«Զոհված զինվորների կորուստը հարազատի նման եմ տարել, մինչև իսկականից իմ հետ պատահեց…». Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ԱՀԹ -ի երկրորդ ծրագիրը (ֆոտո)

«Զոհված զինվորների կորուստը հարազատի նման եմ տարել, մինչև  իսկականից  իմ  հետ պատահեց…». Մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք»  ԱՀԹ -ի երկրորդ ծրագիրը (ֆոտո)

Մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով   բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ այս անգամ ևս հանգանակվել է  50 միլիոն  դրամ: Օգնությունը  ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակի հիման վրա տրամադրվելու է  հետևյալ  կարգով՝

– 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին,

-ՀՀ ՊՆ սոցիալական վարչությունում 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված I խմբի բոլոր զինհաշմանդամներին,

– ՊՆ սոցիալական վարչությունում 2010-2015թթ. հունվարի 31-ի դրությամբ հաշվառված II և III խմբերի զինհաշմանդամներին:

Հավելենք, որ նախորդ տարի աջակցություն են ստացել 2004-2014թթ. Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողների ու 2014թ. փետրվարի դրությամբ ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքները: Օգնությունը բաշխվել  է 301 ընտանիքի: Երկրորդ ծրագրով նույնպես օգնություն կստանա ավելի քան 300 ընտանիք:

«Արդեն տասը  տարի է, որ Արարատյան Հայրապետական թեմի կողմից հատուկ ուշադրություն դարձվում է զինծառայողներին, հատկապես  Ս. Սարգսի տոնին՝ հաշվի առնելով, որ զորավար է: Բայց Սրբազանը որոշեց, որ պետք է մեծ և ներկայանալի օգնություն կազմակերպել և եղավ այս հանգանակության կոչը, որին  արձագանքեցին բարերարներ,  ընտանիքներ: Այսօր  օգնություն տրամադրվեց զոհված զինվորների 18 ընտանիքի, մյուս օրերին մինչև հունիսը 28-ն այն կբաշխվի   Երևանից և Արարատի  մարզից ծրագրում ընդգրկված մյուս խմբերին՝ 1-3-րդ կարգի զինհաշմանդամներին»,-Times.am-ի հետ զրույցում ասաց  Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Եսայի քհն. Արթենյանը:

Իսկ զոհված զինծառայողների ծնողները լուռ էին. ուշադրությունը ուշադրություն, բայց ամեն ինչ կտային, որ այսօր դրա անհրաժեշտությունը  չլիներ:1988 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Անդրանիկ Սամվելի Եղոյանը զոհվել է անցած տարի հունիսի 5-ին՝ հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից: Նրա հետ զոհվել է նաև ընկերը՝ 1992թ-ին ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

Անդրանիկի մայրն արցունքները մի կերպ կոկորդում խեղդելով  պատմում է.

«3 տարի աշխատել էր  Զոդի զորամասում, հետո  պայմանագրի ժամկետը լրացավ, բայց որոշեց նորից հետ գնալ. ուզում էր հասնել հաջողության: Երեք տարեկան մի որդի ունի, զինվորական շորերով սպասում է հորը. հենց դրսում մեկին տեսնում է՝ ասում է. «Հեսա Անդոս, պապաս  կգա»: Ուզում եմ խաղաղ երկինք լինի,  բոլոր  զինվորները տուն վերադառնան, ոչ մեկի մայրը չլացի, թաքուն արցունք չթափի: Բայց ոնց նայում եմ չի խաղաղվում: Հիշում եմ, որ երբ 2014-ի մայիսին 28-ին զոհ ունեցանք,  հունիսի մեկին զանգեցի Անդրանիկիս ծնունդը շնորհավորեցի, հետո հարցրեցի՝ տղես ճանաչո՞ւմ էիր,   ասաց, որ չի ճանաչում: Զոհված  զինվորների  կորուստը հարազատի նման եմ տարել, մինչև  իսկականից  իմ  հետ պատահեց…»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում