Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է. Ռուստամ Իբրահիմբեկով

Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է. Ռուստամ Իբրահիմբեկով

ԽՍՀՄ ժամանակաշրջանից հայտնի ադրբեջանցի կինոսցենարիտ եւ ռեժիսոր («Անապատի սպիտակ արեւը») Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է, որ իր հայրենիքում` Ադրբեջանում կոռուպցիա եւ ամբողջատիրություն է, եւ այդ պատճառով ինքը վախենում է վերադառնալ այնտեղ:

Ադրբեջանցի վտարանդի կինոռեժիսորը հանդես է եկել որպես «Կովկասյան Տրիո» նոր կինոնկարի պրոդյուսեր եւ սցենարիստ, որի թեման Անդրկովկասի ժողովուրդների հարաբերություններն են: Նկարահանումների ավարտին մոտեցող ֆիլմը Վրաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համատեղ արտադրանք է, ռեժիսորը Ռուսաստանում «Երկնագույն լեռներ, կամ անարժանահավատ պատմություն» ֆիլմով հայտնի Էլդար Շենգելայան է

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The New Times-ի հետ զրույցում Իբրահիմբեկովը պատմել է, թե ինչու է անդրադարձել այդ թեմային եւ ինչպես է վտարանդի դարձել:

Ադրբեջանական կինոյի դասականը հայրենիքում «անցանկալի անձ» է դարձել այն ժամանակվանից, երբ սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքականությանը:

«Ֆիլմը կովկասցի եռյակի մասին է: Դա հայը, ադրբեջանցի եւ վրացին են: Երեք ընկերներ, որոնց միավորում է մանկությունն ու երիտասարդությունը: Ադրբեջանում շատերին իմ տեսակետը դուր չի գալիս: Բայց ես համոզված եմ, որ մենք եւ հայ ժողովուրդը թշնամիներ չենք եւ վաղ, թե ուշ անպայման հաշտվելու ենք: Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները մեղավոր չեն այն բանում, ինչ տեղի է ունեցել: Ես դեմ եմ երկու կողմերից հնչող ագրեսիվ հռետորաբանությանը», -ասել է նա:

«Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա: Իմ ադրբեջանցի դերասանուհիներից մեկը ամուսնացել է ադրբեջանցու հետ եւ ընդունել նրա ազգանունը: Նա առաջին ամուսնուց, ով հայ էր, որդի ունի: Խորթ հայրը որդեգրել է նրան եւ տվել իր ադրբեջանական ազգանունը: Տղան մեծացել, դերասան է դարձել, եկել է Մոսկվա եւ արդեն երիտասարդ տարիքում ծանոթացել եւ անգամ ընկերացել է իր հոր հետ, ով նրան համոզել է վերադարձնել հայկական, իրական ազգանունը: Ընտանիքում մայրը դեմ է հանդես եկել` պատճառաբանելով, որ դա կարող է բարդացնել իրենց կյանքը, անգամ ողբերգության վերածվել Ադրբեջանում, ինչն, անշուշտ, իրողություն է: Դա խիստ ընտանեկան վեճ է, բայց երբեմն ճիշտ բանի հասնելու վճռականությունը կարող է մեծ մասշտաբի ողբերգության վերածվել»,- նշել է նա:

Իբրահիմբեկովը պատմել է, որ իր կինոհերոսի նախատիպ դերասանի ազգականները արգելել են նրան նկարահանվել «Կովկասյան Տրիո» ֆիլմում` ասելով, որ եթե նկարահանվի, չի կարող Բաքու այցելել: Ինչի պատճառով ֆիլմում նկարահանվել են վրացի դերասաններ: Ֆիլմի ադրբեջանցի հնչյունավորողներն էլ դա արել են անանուն, քանի որ չեն ցանկացել խնդիրների առաջ կանգնել Ադրբեջանում:

Իբրահիմբեկովը պարզաբանել է նաեւ, թե ինչու է ադրբեջանցիների համար խիստ սարսափելի իր հետ համագործակցությունը:

«Մինչեւ 2007 թվականը իշխանության հետ իմ հարաբերությունները նորմալ են եղել: Հետո խնդիրներ ծագեցին աղգայնական մամուլի հետ` Ղարաբաղի հարցում իմ արած արտահայտությունների համար: Իմ «Ալիքների գումարումը» պատմվածքից հետո, որում արծարված են Ադրբեջանում ստեղծված խնդիրները, իշխանությունն սկսեց կեղտ շպրտել ինձ վրա, անվանել ժողովրդի թշնամի, կեղծ մեղադրել տնտեսական չարաշահումների մեջ: Փակեցին հեղինակավոր «Արեւելք-Արեւմուտք» կինոփառատոնը, որով զբաղվում էի երկար ժամանակ, դադարեցրեցին փառատոնային կենտրոնի շինարարությունը: 2012 թվականին ես գրեցի «Ում մասին է հնչում զանգը» հոդվածը այն մասին, որ իմ երկրում ամենուրեք կոռուպցիա է եւ խստագույն ամբողջատիրություն, իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալներն ավելի շատ են, քան ամբողջ հետխորհրդային տարածքում: Հետո ես ստիպված գլխավորեցի դեմոկրատական ուժերի Ազգային խորհուրդը: Ինձ երկրի նախագահի թեկնածու առաջադրեցին, սակայն, քանի որ Ռուսաստանի քաղաքացի եմ, թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին: Իմ փոխարեն թեկնածու առաջադրվեց պատմաբան Ջամիլ Հասանլըն: Իհարկե, կեղծված ընտրությունների արդյունքում պաշտոնապես հաղթեց նախագահ Իլ համ Ալիեւը: Այժմ իրավիճակն այնպիսին է, որ Բաքու մեկնելն ինձ համար վտանգավոր է: Մի անգամ երկիր մուտք գործելու ժամանակ ինձ 4 ժամ պահեցին սահմանում, 2 ժամ էլ` երկրից դուրս գալու ժամանակ, եւ ես հասկացա, որ հաջորդ անգամ կարող են ուղղակի դուրս չթողնել Ադրբեջանից», -պատմել է Ռուստամ Իբրահիմբեկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում