Հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում Ոստիկանության արձագանքը լինելու է իրավիճակին համարժեք
Նմանատիպ
Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:
Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց և անհնազանդության դրսևորումներից:
Հավաքի կազմակերպիչներին կրկին հիշեցնում ենք, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրում հավաքի մասնակիցների իրավունքների և անվտանգության ապահովման համար:
Կազմակերպիչներին հորդորում ենք` քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը:
Հիշենք, որ բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց, այլև երկրի անվտանգության և ապագայի համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում