Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակ. կենսաթոշակ ստանալն արդեն ավելի մատչելի է

Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել կենսաթոշակների ստացման հետ կապված, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի համաքաղաքացիներ,

Օրենսդրական դաշտում տեղի ունեցավ ևս մեկ հստակեցում, որն էականորեն կօժանդակի թոշակառուներին։ Պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը ընդունեց օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, ըստ որի կենսաթոշակ ստանալու համար այլևս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ ողջ լինելու մասին։ Ըստ ՍԴ-ի ընդունած որոշման կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլևս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաև՝ դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակին: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաև օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը և պարտադիր չէ Հայաստանի Հանրապետություն տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր արձագանքները’ նշենք, որ Պաշտպանը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան ոչ միայն նորմերը հակասահմանադրական ճանաչելու, այլ նաև նորմերի կիրառման վերաբերյալ իրավական դիրքորոշում ստանալու համար: ՀՀ Սահմանադրական դատարանը տվյալ գործով հերթական անգամ ընդունել է Պաշտպանի իրավական դիրքորոշումները, որի արդյունքում հետագայում կբացառվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների ոչ իրավաչափ կիրառումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում