«ՆՈՒՌ» ծրագիրը մեկնարկում է Երեւանի թիվ 76 դպրոցում

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի «ՆՈՒՌ» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 4-ին, 121 հատ XO համակարգիչներ բաժանվեցին Երեւանի թիվ 76 «Արգենտինյան Հանրապետություն» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին: Արարողությանը մասնակցում էին բարերար Էդուարդո Էռնեկյանը եւ ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

Նախորդ օրը’ հոկտեմբերի 3-ին 129 հատ XO համակարգիչ բաժանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօռնեկյան» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին եւ ուսուցիչներին: Այս դպրոցները դարձան առաջինը Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մեկնարկեց <ՆՈՒՌ> ծրագիրը:

ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ-ի հունվարին ԼՂՀ կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու ԼՂՀ առաջինից չորրորդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: ԼՂՀ Կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետ կապը, որը ծրագրի գլխավոր ասպեկտներից է:

Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն հանձնվել են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին: Ծրագիրը շարունակական է, առաջիկայում համակարգիչներ կստանան նաեւ այս սեպտեմբերին առաջին դասարան ընդունված երեխաները:

ՆՈՒՌ ծրագիրը ԼՂՀ-ում իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում’ նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:

ՆՈՒՌ ծրագիրն իրականացվում է, հետևելով Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային (ՄՀՅԵ) ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն կրթական ծրագիր է , որը մշակվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիաների Ինստիտուտում եւ կիրառվում է աշխարհի շատ երկրներում:

ԼՂՀ կառավարության կողմից ինտերնետային կապը ապահովելուց հետո, հիմնադրամը կշարունակի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչների հանձնումը Արցախի մյուս համայնքների դպրոցներում եւս, որի արդյունքում ԼՂ տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ: Համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:

Այս նախաձեռնությունը ոչ միայն բարձրորակ կրթություն ստանալու հնարավորություն է ընձեռում, այլեւ նպաստում է երեխաների տեղեկացվածության աստիճանի բարձրացմանն ու նրանց շփմանն աշխարհի հետ:

«Միջազգային համայնքը Լեռնային Ղարաբաղը պատկերացնում է պատերազմի և տարածաշրջանային հակամարտությունների շրջանակում: Մարդիկ չեն նկատում այնտեղ ծնվող և ապրող երեխաներին: Այդ երեխաները համընդհանուր կրթություն և ինֆորմացիա ստանալու իրավունք ունեն: Մտադրություն ունեմ ՆՈՒՌ-ի միջոցով լրացնել բացը և Լեռնային Ղարաբաղի երեխաներին տալ լավագույն կրթության հնարավորություն, որն այսօր առաջարկում է աշխարհը», նշում է պարոն էռնեկյանը:

ՆՈՒՌ-ը ցանկանում է բարելավել կրթական ոլորտը՝ ընդգրկելով տեխնոլոգիան դասարաններում, դպրոցներում և ընտանիքներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում