Ս. Օհանյանը ուսուցիչներին. «Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ պարգևատրել է մի շարք ուսուցիչների, զինղեկերի և պայմանագրային զինծառայողների: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, ուսուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարը իր և պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջունելով և շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ’ ընդգծել է օրվա խորհուրդը և բարձր գնահատել ուսուցչի դերը մատաղ սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում: Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասըթացներից և ավարտվում զորավարժություններով: Դիմելով ուսուցիչներին’ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է. «Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ: Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է»:

Սեյրան Օհանյանը նաև բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը’ նշելով, որ յուրաքանչյուր տարի պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունները համատեղ իրականացնում են ռազմական դաստիարակության նշանակության բազմաբնույթ ծրագրեր, իսկ զինված ուժերի բոլոր զորամասերը կցագրված են հանրապետության կրթօջախներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը և կրթությունը իրար փոխլրացնող, զուգորդող և երբեք միմյանց չհակասող իրողություններ են:

Միջոցառումն եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից մի շարք մանկավարժներ և զինծառայողներ մատաղ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ուսուցչի օրվա կապակցությամբ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում