«Առավոտ». Չկան «բնածին հատկանիշներ». խմբագրական

«Առավոտի» գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Վրաստանի հաղթած ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու դատողություններն այն մասին, որ վրացիները կապված են իրենց հողի հետ, իսկ հայերը’ ոչ, որովհետև գերադասում են ապրել Վրաստանում, ոչ թե Հայաստանում, իհարկե’ որևէ քննադատության չեն դիմանում (հետագա հերքումներն, ըստ էության, այդ պնդման իմաստը չեն փոխում): Նախ’ հարևան հանրապետությունում ապրող հայերի մեծ մասի համար Վրաստանը հայրենիք է’ նրանց մի քանի սերունդներ ապրել են այդ երկրում, ի դեպ’ իրենց կարևոր դերը խաղալով Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում: Երկրորդ’ վերջին 20 տարում Վրաստանից և Հայաստանից արտագաղթածների թվերը համադրելի են, և այդ ահռելի թվերից դատելով’ կարելի է հետևություն անել, որ մեր երկու ժողովուրդներն էլ հավասարապես կառչած չեն հայրենի հողից: Որոշակի կրթական և մտավոր ցենզ ունեցող մարդն այդ ամենը կհասկանա և «ազգերի համեմատություններ» անելուց առաջ մի փոքր կմտածի: Արձանագրենք, որ ոչ Իվանիշվիլին, ոչ էլ Սահակաշվիլին Սպինոզաներ չեն, բայց անկախ նրանից, թե ով է Վրաստանը ղեկավարելու մոտակա տարիներին’ այդ երկիրը որոշ բնագավառներում զգալի առաջընթացի է հասել’ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ, և անձերն այստեղ այնքան էլ կարևոր չեն: Բայց պարզունակ այս մտածողությունը, ըստ որի’ կան ինչ-որ հատկանիշներ, որոնք մշտապես բնորոշում են տվյալ ազգը, տարածված է ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև քաղաքակրթական որոշակի մակարդակի չհասած բազմաթիվ այլ երկրներում: Ենթադրենք, երբ մենք մեր մասին երբեմն ասում ենք’ հայերը ճշտապահ չեն, խարդախ են’ դա անհեթեթություն է: Որոշակի սոցիալական միջավայրում, որոշակի հասարակական հարաբերությունների պայմաններում մեր հայրենակիցները դրսևորում են ճիշտ հակառակ հատկանիշներ: Նույնքան սխալ է, իհարկե, ամբողջ ազգին ինչ-որ մի դրական հատկանիշ վերագրելը, օրինակ’ «մշակութային ագզ» կամ «աշխատասեր ազգ»: Եթե նայենք մեր պատմական հուշարձանների շուրջը կուտակված «խնջույքային» աղբին, ապա կհրաժարվենք այս ինքնագովեստից: Բայց վստահ եմ, որ Գերմանիայում կամ Շվեդիայում հայերի մեծ մասն այդպիսի վարքագիծ չի դրսևորի: Նույնն էլ’ մնացած ազգերը, այն, ինչ սովորաբար, կենցաղային մակարդակով ասվում է, ասենք, թուրքերի մասին, ոչ այլ ինչ է, եթե ոչ’ մտածողությունը սահմանափակող սնամեջ կարծրատիպ: Ազգերը, ինչպես և անհատ մարդիկ, իրենց դրսևորում են տարբեր ձևով’ կախված նրանից, թե ինչպիսի մշակութային միջավայրում են գործում:
Ռուսական դասական երաժշտության հիմնադիր Միխայիլ Գլինկան իր գիտակից կյանքի մեծ մասն անց է կացրել Եվրոպայում: Ռուսական կայսրության մեջ հայտնի արատները արվեստագետի համար անտանելի էին: Երբ 1856 թվականին կոմպոզիտորը վերջին անգամ լքեց Ռուսաստանը, նա սահմանի վրա կատաղությամբ թքեց հայրենիքի կողմը (մեկ տարի անց մահացավ Բեռլինում): Լեզուս չի պտտվի ասել, որ Գլինկան կապված չէր ռուսական հողի հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում