«Հրապարակ». ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների հարցով

«Հրապարակը» գրում է. «ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների թե մասնակցության, թե ինչ-որ մեկին սատարելու խնդրում: Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցն այստեղ համարում են փակված: Լուրեր են շրջում, թե ինքը՝ Հովհաննիսյանն ասել է. հասարակական այս անբարենպաստ պայմաններում էդ էր ինձ պակաս: Սակայն առավել հավանական է այն տեղեկությունը, որ ՀՅԴ վերնախավը նրան այլեւս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում:

ՀՅԴ-ում քննարկվել է նաեւ Հրանտ Մարգարյանի թեկնածության հարցը: Վերջինս հրաժարվել է՝ ասելով, որ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի կարգավիճակն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը, այն պարզ պատճառով, որ բյուրոն միջազգային կառույց է: ՀՅԴ-ում կոնսենսուս չկա նաեւ ինչ-որ մեկին սատարելու հարցում: Սերժ Սարգսյանին չեն պաշտպանի, Քոչարյանը չի առաջադրվում, Օսկանյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է:

Ծառուկյանին նույնպես չեն պաշտպանի. քաղաքական կուսակցությանը վայել չէ օլիգարխին պաշտպանելը: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում առաջադրի Արծվիկ Մինասյանի եւ կամ Արտյուշա Շահբազյանի թեկնածությունը’ զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով: Թեեւ սա էլ դեռ մեծ հարցականի տակ է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում