ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում «Հուրիեթ»-ի խմբագրատան վրա հարձակումը

ԱՄՆ-ն դատապարտել է Թուրքիայում «Հուրիեթ»-ի խմբագրատան վրա հարձակումը

Միացյալ Նահանգները դատապարտել է «Հուրիեթ» պարբերականի վրա սեպտեմբերի 6-ին իրականացված հարձակումը: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը համապատասխան հայտարարություն է թողել «Թվիեթր»-ի իր միկրոբլոգում:

«Մենք դատապարտում ենք «Հուրիեթ»-ի խմբագրատան վրա իրականացված հարձակումը: Մամուլի ազատությունը բոլոր ժողովրդավարական հասարակությունների հիմնական սկզբունքն է»,- ասվում է Միացյալ Նահանգների դեսպանության արած հայտարարության մեջ: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցրել են նաև, որ Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է աջակցեն մամուլի ազատությանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները սեպտեմբերի 6-ին հարձակում են գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից բաղկացած 200 հոգանոց խումբը հարձակվել է պարբերականի գլխավոր խմբագրատան վրա: Սեպտեմբերի 6-ի գիշերը, Թուրքիայի ժամանակով 23:15-ին, բողոքարարները, կոտրելով արգելապատնեշը, փորձել են մտնել շենք: Անվտանգության աշխատակիցները մեծ դժվարությամբ և ուժի կիրառմամբ կարողացել են թույլ չտալ նրանց մուտքը շինություն: Այդուհանդերձ, ցուցարարները կոտրել են շենքի մուտքի ապակիներն ու դռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր են նետել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում