Այս տարի Հայաստանում ցանքատարածություններն ավելացել են 18.5 հազար հեկտարով

Այս տարի Հայաստանում ցանքատարածություններն ավելացել են 18.5 հազար հեկտարով

Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2015 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 18.5 հազար հեկտարով և կազմել 351.3 հազար հեկտար՝ վարելահողերի օգտագործման մակարդակը հասցնելով 78.5 տոկոսի: 2010-2014 թվականներին ցանքատարածություններն ավելացել էին շուրջ 50 հազար հեկտարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները գերազանցում են նախորդ տարվա մակարդակը 5.8 տոկոսով կամ 11 հազար հեկտարով, իսկ ցորենի ցանքատարածությունների աճը կազմել է 4.7 տոկոս, կամ 5 հազար հեկտար: Բացի այդ` այս տարի զգալիորեն` 9.4 տոկոսով կամ շուրջ 2.5 հազար հեկտարով, ավելացել են բանջարանոցային մշակաբույսերի տարածքները, 3 տոկոսով կամ գրեթե 1000 հեկտարով ընդլայնվել են բոստանային մշակաբույսերի տարածքները, ավելի քան 3 տոկոսով կամ շուրջ 1000 հեկտարով ավելացել են կարտոֆիլի, 3.2 հազար հեկտարով կամ 4.1 տոկոսով` կերային մշակաբույսերի ցանքատարածությունները»,- հայտնեց նախարարը:

Նրա խոսքով` սերմնաբուծության, սերմապահովության բնագավառում և գյուղատնտեսության մեջ օժանդակության ծրագրերը նպաստել են հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացմանը և հացահատիկային տնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացմանը: «Հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները 2014 թվականին գերազանցել են 2010 թվականի մակարդակը 81 տոկոսով, իսկ բերքատվությունը բարձրացավ շուրջ 54 տոկոսով: Ցորենի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացել են ավելի քան 84 տոկոսով, իսկ բերքատվությունը` 52.4 տոկոսով»,- նշեց Սերգո Կարապետյանը:

Նախարարը հավելեց, որ 2015 թվականին զգալի աշխատանքներ են իրականացվել նաև ջերմատնային տնտեսության զարգացման ուղղությամբ: Ներկայում ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է 770 հա, որից ապակեպատ` 270, թաղանթապատ` 500 հեկտար: «Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները կազմում են 85 հեկտար, մինչև տարեվերջ Կոտայքի և Արարատի մարզերում կկառուցվեն ևս շուրջ 40-50 հեկտար արդիական տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ: Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում ընթացիկ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում տեղական արտադրության լոլիկ և վարունգ»,- ասաց Սերգո Կարապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում