Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության` Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը կառուցողական է որակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին բրիտանացի գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Այսօր կառուցողական բանակցություններ ենք ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Մերձավոր Արևելքի իրավիճակի և ուկրաինական հիմնախնդրի վերաբերյալ»,- նշել է Լիդինգթոնը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լոնդոն։ ՀՀ ԱԳՆ-ից ավելի վող հայտնել են, որ նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։ Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House):