Հայաստանում ներգաղթյալների մեծ հոսք չի սպասվում. Գագիկ Եգանյան

Հայաստանում ներգաղթյալների մեծ հոսք չի սպասվում. Գագիկ Եգանյան

Ի տարբերություն եվրոպական երկրների` Հայաստանում ներգաղթյալների մեծ հոսք չի սպասվի, քանի որ, թեպետ Հայաստանում անվտանգության խնդիր չկա, սակայն կենսամակարդակով եւ պայմաններով, մեր երկիրն զիջում է Հին մայրցամաքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը շեշտում է, որ Հայաստանում գործում է ապաստան հայցողների կենտրոն, ուր տարեկան դիմումների քանակը չի գերազանցում 400-ը:

«Բայց եթե ստանանք ասենք 500 կամ 700 դիմում, մենք լուծումներ կգտնենք նրանց համար: Հարյուր հազարներով Հայաստան չեն գա: Վերջին շրջանում թեկուզ փոքր հոսք չկա: Դիմումների թվի մեջ փոփոխություն չկա: Հիմնականում գալիս են Աֆրիկյան երկրներից, Աֆղանստանից, Սիրիայից: Անձն ինքն է որոշում, թե որ երկիր գնա: Այս առումով նա ընտրում է ամենահարմար տարբերակը. երկիր որտեղ կան բարեկեցության պայմաններ, անվտանգություն եւ այլն: Այս առումով Հայաստանը ներգաղթյալների համար այնքան էլ հարմարավետ տարբերակ չէ: Եվրոպական երկրների հետ համեմատությամբ Հայաստանը մրցակց ությունից դուրս է: Ապահովություն կա, սական բարեկեցության, կենսամակարդակի առումով անհամեմատ զիջում ենք եւ դա է պատճառը, որ ներգաղթյալների հոսք Հայաստանում չի սպասվում»,- շեշտեց Գագիկ Եգանյանը:

Ըստ նրա` Հայաստան այցելության պարագայում լրացուցիչ գործոն կարող է հանդիսանալ ներգաղթյալի հայ լինելու հանգամանքը, սակայն դա նույնպես թվի առումով մեծ փոփոխությունների չի կարող բերել:

«Ի վերջո Սիրիայի ողջ հայ համայնքը Հայաստան չի գալիս: Հայաստանում խոսում ենք 15.000 սիրիահայերի մասին, բայց տարբեր գնահատականներով Սիրիայում 70.000 հայ կա»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ սիրիահայերի պարագայում կառավարությունը լրացուցիչ միջոցներ էլ է նախատեսել. նրանք ունեն ընտրության հնարավորություններ` դիմել կառավարությանը ապաստան ստանալու, քաղաքացիություն ստանալու կամ հատուկ կարգավիճակ ձեռք բերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում