Ավելի շատ վրացիներ են տեղյակ ԼՂ խնդրի մասին, քան հայեր ու ադրբեջանցիներ` աբխազականի. «Կովկասյան բարոմետր»

Հարցման ենթարկված վրացիների կեսից ավելին (62 տոկոս) գիտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մինչդեռ աբխազական հակամարտության մասին տեղյակ են հայերի 49 տոկոսը, իսկ ադրբեջանցիների 43 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի անցկացրած «Կովկասյան բարոմետր 2013» հետազոտության արդյունքները, որով ուսումնասիրվ ել են Հարավային Կովկասի համակարտություններից երկուսի (աբխազական և ղարաբաղյան) վերաբերյալ հայաստանցիների, վրացիների և ադրբեջանցիների կարծիքը:

Հայաստանաբնակների 73 տոկոսը ցանկացել է Լեռնային Ղարաբաղը տեսնել Հայաստանի կազմում, իսկ հարցվածների 54 տոկոսը կցանկանար այն տեսնել նաև անկախ պետության կարգավիճակում, սակայն բոլորի համար անընդունելի է եղել տեսնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում:

Հարցված ադրբեջանցիների 95 տոկոսը կցանկանար Լեռնային Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում, սակայն նրանից ոչ ոք չի ցանկացել տեսնել Ղարաբաղը Հայաստանի կազմում:Հարցման ենթարկված հայաստանաբնակներն ավելի հաճախ (46 տոկոս) Աբխազիայի ապագան տեսել են անկախ պետության կարգավիճակում, 26 տոկոսը՝ Ռուսաստանի կազմում և միայն 7 տոկոսը՝ Վրաստանի կազմում: Ադրբեջանցիների 77 տոկոսը նշել են, որ Աբխազիան պետք է լինի Վրաստանի կազմում, իսկ 12 տոկոսը՝ որպես անկախ պետություն: 1 տոկոսից պակասն է միայն նշել, որ այն պետք է լինի Ռուսաստանի կազմում:Վրացիների 73 տոկոսն Աբխազիան ցանկացել է տեսնել Վրաստանի կազմում առանց ինքնավարության: Պատասխանելով հարցին, թե «տեսնու՞մ եք Աբխազիան որպես ինքնավար պետություն» , «լիովին այո’» պատասխանն է տվել 33 տոկոսը, ոչ մեկ չի նշել, որ կցանկանար Աբխազիան տեսնել Ռուսաստանի կազմում:

Հարցվողներին ներկայացվել են դատողություններ, որոնց համար տրվել են հետևյալ պատասխանների տարբերակները՝ «լիովին համաձայն եմ», «կախված իրավիճակից ընդունելի է», «ընդհանրապես ընդունելի չէ» և «դժվարանում եմ պատասխանել»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում