Սահմանադրական բարեփոխումների հարցը քաղաքական օրակարգ է բերել ընդդիմությունը. Վարդան Պողոսյան

Սահմանադրական բարեփոխումների հարցը քաղաքական օրակարգ է բերել ընդդիմությունը. Վարդան Պողոսյան

Սահմանադրական բարեփոխումների թեման՝ որպես քաղաքական օրակարգ առաջացել է 2013թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ ընդդիմադիրները պահանջում էին անցում կատարել խորհրդարանական համակարգին: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հարցին, թե ինչու ավելի վաղ չեն իրականացվել փոփոխությունները, եթե գործող Սահմանադրության մեջ խնդիրներ են եղել:

«Դուք հիշում եք, որ այդ ժամանակ նրանք պահանջում էին անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին, անցնել 100 տոկոսանոց համամասնական համակարգին, իսկ հանրապետության նախագահն էլ ընտրություններից հետո եկավ այն մտքին, որ կառավարման գործող համակարգի պայմաններում անհնար է իրականացնել որոշակի խնդիրներ առանց ցնցումների, և առաջարկեց, որպեսզի մասնագիտական հանձնաժողով ձևավորվի, որը մանրակրկիտ կքննարկի այդ հարցերը և կառաջարկի լուծումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հենց այդ առաջադրանքն էլ կատարել է: «2013թ-ի գարնանը սկսվեցին խոսակցությունները, ն հանձնաժողովի ստեղծման հետ կապված աշխատանքները, իսկ 2013թ. սեպտեմբերին այդ հանձնաժողովը ստեղծվեց և արդեն ներկայացրել է նախագիծը»,- մանրամասնեց Վարդան Պողոսյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամն ընդգծեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, և այս փոփոխությունները կարող էին առաջարկվել օրինակ 2008թ-ին սակայն, նրա խոսքով՝ այդ պահին որևէ մեկն այդ փոփոխություններին չէր կարող լուրջ վերաբերվել, որովհետև Սահմանադրությունը 2005թ. արդեն փոխվել էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում