Թոնի Էբոտը կթողնի Ավստրալիայի վարչապետի պաշտոնն այն բանից հետո, երբ Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնի շուրջ հերթական քվեարկության ընթացքում տանուլ տվեց հաղորդակցությունների նախարար Մալկոլմ Տեռնբուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ Տեռնբուլը եւ արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոպը պահանջել են Էբոտի հրաժարականը կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարելով նրա տնտեսական քաղաքականությունից դժգոհության մասին: Տեռնբուլի խոսքով՝ եթե Էբոտը մինչեւ 2016 թվականի ընտրությունները պահպանի վարչապետի պաշտոնը, կուսակցությունը պարտություն կկրի դրանցում:
Շտապ կարգով կազմակերպված քվեարկության ընթացքում 54 ձայն տրվել Է Տեռնբուլի, իսկ 44 ձայն՝ Էբոտի օգտին: Ջուլի Բիշոպը քվեարկության արդյունքում պահպանել Է կուսակցության փոխղեկավարի պաշտոնը:
Սպասվում Է, որ Տեռնբուլը որպես վարչապետ երդում կտա այն բանից հետո, երբ Էբոտը Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիթեր Կոսգրոուվին կծանուցի իր պաշտոնաթողության մասին:
Տեռնբուլի եւ Բիշոպի հետ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ առաջ Էբոտը սեպտեմբերի 14-ին լրագրողներին հավաստիացրել Է, որ, չնայած վերջին ամիսներին կուսակցության վարկանիշի անկմանը, իր առաջատարությունը հարցականի տակ չի դրվում: