Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում այսօրվա գաղթականների հոգեվիճակը. Արամ Առաջին

Ցեղասպանություն ապրած հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում այսօրվա գաղթականների հոգեվիճակը. Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բեյրութում գաղթականներին նվիրված միջեկեղեցական համագումարի մասնակիցների հետ քննարկել է գաղթականների խնդիրն ու շեշտել, որ այն հատկապես Եվրոպայի համար առաջանահերթ կարևորության խնդիր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատ օր»-ը, Արամ Առաջինը շեշտել է, որ գաղթականների հարցը նորություն չէ եւ պատմության ընթացքում  տնտեսական, քաղաքական եւ անվտանգության պատճառներով հազարավոր մարդիկ հեռացել են իրենց բնօրրանից եւ հաստատվել արևմուտքում:

«Հայ ժողովուրդն իր դառը փորձառությամբ զգում եւ ընկալում է գաղթականների հոգեվիճակը: Չմոռանանք, որ 1915թ. հայ ժողովրդի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը դարձավ գաղթական, նրան պարտադրեցին հեռանալ իր դարավոր հայրենիքից` Արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից: Չմոռանանք, որ արաբ ժողովուրդը` իսլամ թե քրիստոնյա, իր հայրենիքում մեզ ընդունեց»,- ասել է Արամ Առաջինը:

Նա շեշտել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վայրիվերումների պատճառով դեպի Արեւմուտք արտագաղթը նոր թափ է ստացել:

«Ինչ վերաբերում է քրիստոնյա համայնքների պատասխանատուների կեցվածքին, ապա մեր բոլորի կեցվածքը նույնն է` հետևողական ճիգ պետք է թափել քրիստոնյա համայնքները պահելու Մերձավոր Արեւելքում` հակառակ գոյություն ունեցող բոլոր դժվարություններին: Սակայն երբ կա ստիպողական պարագա, Արևմտյան երկրներն իրենց կրոնական և պետական պատասխանատուների միջոցով պետք է օգտակար լինեն եւ աջակցեն գաղթականներին»,- ասել է Վեհափառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում