Հայաստանն Իրանի համար ունի հրապուրիչ կողմեր, ինչն այսօր չունի Թուրքիան և Ադրբեջանը

Հայաստանն Իրանի համար ունի հրապուրիչ կողմեր, ինչն այսօր չունի Թուրքիան և Ադրբեջանը

Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերացումը որոշակի հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, բայց  պետք է դրանք  կարողանալ ռեալիզացնել: Այստեղ կարևոր են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների վերսկսումը, Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի հիմնումը, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Այսօր «Իրան. պատժամիջոցների վերացումն ու տարածաշրջանային զարգացումները» թեմայով  քննարկմանը նկատեց տնտեսագետ  Աշոտ Թավադյանը՝ շեշտելով, որ հեշտ իրագործելի է Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը:

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը կարող է Իրան արտահանել առաջին հերթին իր ծառայությունները, գյուղատնտեսական արտադրանք,  երկու երկրների միջև պետք է  զարգանա նաև   բանկային  համագործակցությունը:

Քննարկմանը  ներկա Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը հակադարձեց՝ նավթամշակման գործարանի կառուցման ծրագիրը «կորցրել է իր ուժը» կամ կարևորությունը Իրանի համար. ժամանակին   Իրանն այն  դիտարկում էր պատերազմական իրադրությունում  ապահովող միջոցով, իսկ  եթե պատժամիջոցները հանվում են,  նման կարիք այլևս չկա: Իսկ մյուս ծրագրերի մասով կա երկկողմ շահագրգռվածություն և, մասնավորապես,  Հայաստանը Իրանի համար իր   կարևորությունը  չի կորցրել, ավելին՝ ստեղծվել են նպաստավոր գործոններ:

«Առաջին՝ Թուրքիայում տեղի ունեցող  պայթյունների և պայթեցումների հետևանքով այդ երկիրը դառնում է անվստահելի միջազգային կոմունիկացիոն ուղիների համար: Այսինքն՝ այս   առումով  մրցակից չէ: Երկրորդ՝ Ադրբեջանը, որը  Իրանին հարևան լինելով  կարող է միջանցք  լինել Իրանի համար դեպի Եվրոպա, բայց այստեղ էլ կան հսկայական  բարդ լուծելի խնդիրներ: Իսկ Հայաստանը հրապուրիչ մի շատ կողմեր ունի՝ 1. անվտանգ տարածք, 2. երկու պետությունների  միջև գոյություն ունեն  բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ,  երկրների ներսում  առկա է փոխադարձ  դրական   ընկալում, 3. աշխարհագրական առումով  Հայաստանն ամենակարճ ուղին է՝ Պարսից ծոցը  կապելու   Սև ծովին»,-մանրամասնեց Վարդան Ոսկանյանը:

Այս համատեքստում վերջինը հորդորեց չգերագնահատել հարևան Ադրբեջանի հնարավորությունները և    թերագնահատել ՀՀ-ի կարողությունները՝  հիշեցնելով, որ Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման ծրագիրն իր վերջնագծին չի հասել:

Իր հերթին իրանագետ Գոհար Իսկանդարյանը նախ հիշեցրեց, որ Իրանի նկատմամբ վերացվելու են միայն  միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները՝  հավելելով, որ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Իրանում դարի պայմանագրի վերաբերյալ քննարկումները են ընթանում, ուստի դեռևս վաղ է խոսել արդյունքների մասին: Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավորություններին, ապա ըստ նրա, Իրան- Հայաստան  տնտեսական հարաբերությունների հարթությունում  հաջողություն չի գրանցվի, եթե խաղի մեջ չմտնի Վրաստանը: Այսինքն՝ այդ կարևոր ծրագրերը, նախաձեռնությունները պատի են հանդիպելու:  Սրա հետ համաձայն է տնտեսագետ Աշոտ Թավադյանը.

«Անշուշտ, ամենագլխավոր ծրագիրը հայ-իրանական երկաթգիծն է, որը ձեռնտու է բոլոր կողմերին, սակայն  պետք է հասկանանք, որ առանց Վրաստանի անմիջական մասնակցության հնարավոր չէ այդ ծրագիրը կյանքի կոչել»: 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում