ՀՀ տնտեսության աճ ապահոված բոլոր ոլորտներում ավելացել են նաև հարկային եկամուտները

ՀՀ տնտեսության աճ ապահոված բոլոր ոլորտներում ավելացել են նաև հարկային եկամուտները

Հայաստանում չկա մի ոլորտ, որը հարկային դաշտից դուրս է: Այն ոլորտներում, որտեղ արձանագրվել է աճ, առկա է հարկային եկամուտների աճ: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: «Մենք չենք դիմում կոշտ վարչարարության, քանի որ այն կարող է ունենալ բացասական հետևանքներ այս պայմաններում: Կառավարման մեր որդեգրած մոդելը հնարավորություն է տալիս ասել, որ մեր տնտեսությունը կառավարելի վիճակում է գտնվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ֆինանսների նախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է Հայաստանում 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցվել այն պայմաններում, երբ հարկային մուտքերը չեն ապահովվել` Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ՀՆԱ-ի աճի տեմպերն ուղղակիորեն ազդեցություն չունեն հարկային մուտքերի վրա: «Երբ խորանում ենք ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ, տեսնում ենք, որ դրանում գերակշռում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալի աճը, որն ազատված է հարկերից, զվարճությունների ոլորտը, որը հաստատագրված վճարով է հարկվում և անհատական բնակարաշինությունը, որտեղ հարկային մուտքերն առավել չեն կարող լինել»,- նկատեց Գագիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ, որպես ֆինանսների նախարար, իր պաշտոնավարման ժամանակահատվածում հարկերը 505 միլիարդից հասել են 1 տրիլիոն 140 միլիարդ դրամի: «Հարկերը չեն ավելանում, քանի որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, հաշվի առնելով արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, ներմուծման կտրուկ աճի փոփոխման պայմաններում չենք կարող ակնկալել ավելի մեծ հարկային եկամուտներ, քան ունենք»,- նշեց ֆինանսների նախարարը:

Գագիկ Խաչատրյանն անդրադարձավ աշխարհի փորձին` նշելով, որ տարբեր երկրներում նույն միտումը կա, երբ, օրինակ, եվրոպական երկրներում ՀՆԱ-ն աճում է, բայց հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը նվազում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում