Բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման մասով Հայաստանն առաջատար երկրների շարքում է

Բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման մասով Հայաստանն առաջատար երկրների շարքում է

Հայաստանը բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման և էլեկտրոնային հաշվետվողականության ամբողջական ներդրման մասով առաջատար երկրների շարքում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, գնահատման արդյունքների համաձայն, բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման և էլեկտրոնային հաշվետվողականության ամբողջական ներդրման մասով առաջատար երկրներն են Շվեդիան` 99%, Հայաստանը` 91%, Ռուսաստանի Դաշնությունը` 89%, Կանադան՝ 81% (ԱՄՆ` 61%, Ադրբեջան`57%, Թուրքիա` 54%, Վրաստան 27% և այլն):

Հայաստանը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրության ծառայության, 2010 թվականի նոյեմբերից մասնակցում է «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգ» ծրագրին:

Ծրագրի հիմնական նպատակը Եվրամիության հարևանության գործընկեր երկրներին բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի (ԲՄՏՀ) 7 սկզբունքներին համապատասխան շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ իրենց ազգային տեղեկատվական համակարգի ձևավորման և ընդլայնման համար օժանդակություն ցուցաբերելն ու շրջակա միջավայրի վիճակի գնահատման արդյունքներով Համաեվրոպական Զեկույցներ պատրաստելն է:

ԲՄՏՀ հիմնական սկզբունքներից են նաև բնապահպանական մոնիթորինգի միասնական ցուցանիշների կիրառումը, տեղեկատվության համադրելիության և երկրների հաշվետվողականության ապահովումը: Այս նպատակային 4-ամյա ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման, բնապահպանության և վիճակագրության նպատակային աշխատանքային խմբերի հետ համատեղ: Ծրագրի ավարտից հետո, տեղեկատվության տրամադրման, առցանց հասանելիության և հաշվետվողականության նոր հայեցակարգի համաձայն՝ մոնիթորինգի ընտրված 67 ցուցանիշների համացանկի կիրառմամբ կատարվել է հաշվետու բոլոր մասնակից երկրների հաշվետվողականության արդյունքների ամփոփում և բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման առաջընթացի գնահատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում