Երևան պատմության թանգարանում ներկայացվել է «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» աշխատությունը

Երևան պատմության թանգարանում ներկայացվել է «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» աշխատությունը

Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի է ունեցել Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» ասեղնագործության պատկերազարդ աշխատության շնորհանդեսը, որին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արվեստագետին շնորհավորելու էին եկել նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ու բազմաթիվ արվեստագետներ, ասեղնագործության վարպետներ ու ջատագովներ։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Արամ Սուքիասյանը շնորհավորել է Արմինե Հայրապետյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, որոնք ևս կհարստացնեն հայկական մշակույթը։ «Ծանոթանալով այս գրքին՝ հպարտության զգացում կունենաք։ Այս գիրքը ահռելի աշխատանք լինելուց զատ, նաև բովանդակային առումով շատ ծավալուն է, ըստ էության՝ հայկական պատմամշակութային ժառանգությանը վերաբերող։ Զարմանալի ձևաչափով գիրք է։ Հեղինակին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, որոնք բնավ միայն նրանը չեն, այլ մեր ամենքինն են։ Ի դեպ, Արմինե Հայրապետյանը քաղաքա պետարանին է նվիրել «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» աշխատության 40 օրինակ, որոնք սիրով կտրամադրենք Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներին, որ որպես ձեռնարկ ծառայենւ այդ կրթօջախներին»,- նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» պատկերազարդ աշխատությունը ներառում է հեղինակի տարբեր տարիների ասեղնագործ աշխատանքների պատկերներն ու դրանց վերաբերյալ մասնագիտական ակնարկներ։

Աշխատության տպագրմանը երկար սպասած հեղինակն այն նվիրել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին և Վանի հերոսամարտի 100-ամյակին։ «15 տարի իմ երազանքն է եղել, թե երբ կտպագրվի այս գիրքը, որում ջանացել եմ ներկայացնել ոչ թե սոսկ ասեղնագործական նախշեր, ծաղիկներ, բարդ տեխնիկա, այլ նաև միտք, իմաստուն խորհուրդ։ Գրքում ներկայացված են նաև աշխատանքներ, որոնք աշխարհում միակն են։ Շնորհակալ եմ այն խմբին, որը ստեղծեց այս գիրքը։ Առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուն, երկրորդը` իմ ծնողներին, որ ինձ կրթել են, դաստիարակել են. շնորհակալ եմ և քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում նախաձեռնությամբ լույս տեսավ այս գիրքը»,- նշել է Արմինե Հայրապետյանը։

Նա Արամ Սուքիասյանին է հանձնել նաև իր հեղինակած «Հայի աչքեր» գրաֆիկական աշխատանքը, որը նվիրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում